Լուրեր

Հանրապետության հրապարակում մեկնարկել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության գլխավոր միջոցառումը

14.10.2012

 Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել <<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարության գլխավոր միջոցառումը, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր և բարեկամ քաղաքների պատվիրակությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.<<Համայն հայության մայրաքաղաք Երևանն այսօր տոնում է իր ծննդյան 2794-րդ տարեդարձը։ Դարերի փորձն իր մեջ ամբարած՝ Երևանը մեր ժողովրդի հավերժականության ինքնատիպ խորհրդանիշն է դարձել՝ մեր ազգն ու անկախ պետականությունը ներկայացնելով ամբողջ աշխարհին։ Մայրաքաղաքի տոնը ևս մի հրաշալի առիթ է` զգալու մեր ժողովրդի միասնականության հզոր ներուժը, հրաշալի առիթ` հայրենիքի հետ սփյուռքի մեր հայրենակիցների կապերի սերտացման, մեր պետականության շուրջ համախմբման համար:<<Էրեբունի - Երևանով>> ինչ-որ տեղ ամփոփվում է նաև մայրաքաղաքի մշակութային տարին, որն առավել հագեցած էր ու առանձնահատուկ։ Համայն հայության հազարամյա մայրաքաղաքը, այս տարի նաև որպես գրքի համաշխարհային մարաքաղաք՝ տոնում է հայ գրատպության 500 ամյակը։<<Էրեբունի-Երևանը>> նաև առիթ է մեկտեղելու տարվա ողջ տոնական տրամադրությունն ու ամբողջ օրը համաժողովրդական ու համազգային տոնի վերածելու համար։ Թո՛ղ բոլորը տեսնեն, որ մենք ո՛չ միայն աշխատել, կառուցել ու արարել, այլև՝ լիասիրտ ուրախանալ գիտենք ։ <<Էրեբունի - Երևանը>> համայն հայության տոնն է, քանզի Երևանը յուրաքանչյո’ւր հայի սրտի մայրաքաղաքն է։ Պատահական չէ, որ համազգային նշանակության բոլոր ծրագրերում, մեր մայրաքաղաքը իր առանցքային տեղն է զբաղեցնում, և ցանկացած ծրագիր կամ նախագիծ մայրաքաղաքում իրականացվում է հանուն Երևանի համաչափ, կայուն զարգացման և երևանցու ընդհանուր բարեկեցության։Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր երևանցիներին` իրենց ցուցաբերած հավատի ու վստահության, սրտացավ ու հոգատար աշխատանքի համար, քանզի նաև հե՛նց մեր բնակչության հետ համագործակցված, հետևողական աշխատանքի արդյունքում է, որ բոլորի աչքի առջև, տարեցտարի զարգանում է մեր սիրելի մայրաքաղաքը և յուրաքանչյուր տարի իր ծննդյան օրը նշում է առավել գեղեցկացած, թարմ ու բարեկարգ տեսքով, հարմարավետ քաղաքային միջավայրում։ Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` ուզում եմ հավատալ, որ այսուհետ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվելիս լինի, Երևանի մասին խոսելիս ոչ միայն ասի, այլև իսկապես զգա, որ Երևանն ի՛ր սրտի մայրաքաղաքն է։

Շնորհավո'ր տոնդ, Երևան>>։

← Վերադառնալ ցուցակին