Լուրեր
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ
13.10.2012

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Թարգմանչաց տոնի առթիվ:
Մենք այն ժողովուրդն ենք, որի մշակութային ժառանգությունը ունի ոչ թե դարերի, այլ` հազարամյակների կենսագրություն: Այդ ժառանգությունը եղել է մեր գոյության հիմնաքարերից մեկը եւ մեր մտավոր ներուժի երբեք չարժեզրկվող վկայությունը:
Հայ թարգմանչական արվեստի մնայուն գանձերը խոսուն այցեքարտեր են տարբեր ժամանակներում` Սուրբ Գրքի մաշտոցյան թարգմանությունից սկսած հարստացնելով քաղաքակիրթ աշխարհի գրական ժառանգությունը: Դեռ այդ ժամանակներից ենք մենք արժեւորել թարգմանչական արվեստի նշանակությունը եւ նոր շունչ տվել համաշխարհային արժեք հանդիսացող գրական գանձերին:
Սիրելի հայրենակիցներ,
Թարգմանչաց տոնը ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժը արձանագրելու, գրի ու գրականության արժեքը գնահատելու տեսանկյունից բացառիկ է: Այն որպես առանձին տոն ներառելով պաշտոնական տոնացույցում` փաստում ենք եւ ժողովրդի, եւ իշխանության գնահատական-վերաբերմունքը խոսքի, լեզվի, մշակույթի հանդեպ:Մենք կարողացել ենք ստեղծել, գրել ու թարգմանել դեռ 5-րդ դարում, համոզված եմ, շարունակելու ենք նաեւ հետագայում: