Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

12.10.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել <<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարությանը մասնակցելու առիթով:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին՝ քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումներն ու իրականացվող ծրագրերը: Հատկանշելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը առանձնացրել է համագործակցությունը հատկապես ինքնակառավարման մարմինների միջև:<<Երևանի քաղաքապետարանը համագործակցում է նաև Թեհրան, Թավրիզ և Սպահան քաղաքների քաղաքապետարանների հետ, և վստահ եմ, որ այդ հարաբերությունների զարգացման ներուժը լավ հեռանկար ունի>>,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Ալիռեզա Պակֆետրատը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Շիրազ քաղաքի զարգացման ուղղությունները և նշել, որ որպես հին մշակույթ ունեցող քաղաքներ՝ Շիրազը և Երևանը կարող են առավել ընդլայնել հարաբերություններն ու համատեղ ծրագրեր իրականացրել տարբեր ոլորտներում:<<Երևանի և Շիրազի բնակչության թվաքանակի, աշխարհագրական դիրքի և բնակլիմայական պայմանների նույնականությունն էլ հաշվի առնելով՝ կարծում եմ շատ լավ կհամագործակցենք նաև կառավարման ոլորտում>>,- նշել է Շիրազ քաղաքի քաղաքապետը և Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Շիրազ՝ համագործակցությունը ամրապնդելով նաև փոխայցերով:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր ստորագրել, որը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին