Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպանին
11.10.2012
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով, անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի էլ ավելի խորացումը: Նա համոզմունք հայտնեց, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ժամանակ հայ-իրանական հարաբերությունները էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն: «Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմք է հանդիսանում նաեւ տնտեսական կապերի հետագա ընդլայնման եւ զարգացման համար: Ըստ Աժ նախագահի` երկկողմ տնտեսական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում գրանցել են դրական տեղաշարժ, սակայն դրանով չպետք է բավարարվել, քանի որ քաղաքական առումով բարձր մակարդակի շփումները պարտավորեցնում են գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների տնտեսական ոլորտը առավել զարգացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իրանի դեսպանն ԱԺ նախագահին փոխանցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները եւ ԻԻՀ պաշտոնական այցի հրավերը, վստահություն հայտնելով, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմանի հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում: Միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում երկուստեք կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ իր լավագույն մաղթանքները խնդրեց փոխանցել ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին ու ԻԻՀ ժողովրդին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկկողմանի հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս: