Լուրեր

Վարչապետն ընդունել է Լենինգրադի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյին

11.10.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությունը, ինչին արդյունավետորեն նպաստում է նաև երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ֆորումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ալեքսանդր Դրոզդենկոյի այցը կխթանի Հայաստանի մարզերի հետ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Լենինգրադի նահանգապետը գոհունակություն է հայտնել հատկապես Արագածոտնի մարզի հետ հաստատված երկկողմ համագործակցության մակարդակից և տեղեկացրել, որ համատեղ մի շարք ծրագրեր են իրականացվում սոցիալական, կրթական և հումանիտար բնագավառներում: Ալեքսանդր Դրոզդենկոն հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցությունը կընդլայնվի` իր մեջ ներառելով նաև տնտեսական բնագավառը:
Սյդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում կապերի հաստատմանը, մասնավորապես, Հայաստանից գյուղմթերքների արտահանմանը, ինչպես նաև մեր երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում Լենինգրադի շրջանից ներդրումների ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև դեղագործության բնագավառում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանը:

← Վերադառնալ ցուցակին