Լուրեր

ԱԺ փոխնախագահն ընդունեց Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին

06.10.2012

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունեց Հայաստանում տեղի ունեցած «Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդներ» խորագրով համաժողովին մասնակցած Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների ազգապահպանությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ազատ տեղաշարժվելու, կրթության իրավունքներին ու էթնիկ զտումները կանխելուն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովի եւ կոնֆերանսի աշխատանքները համակարգող, ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների գիտակ Լեւոն Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ` հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում ազգային փոքրամասնությունների հիմնահարցերը, քանի որ աշխարհասփյուռ հայությունն էլ նման խնդիրների է բախվել ու շարունակում է բախվել աշխարհի մի շարք երկրներում: Հենց դա է պատճառը, որ Հայաստանի ազգային փոքրամասնություններն օգտվում են Հայաստանի եւ միջազգային օրենքներում ամրագրված, ազգային փոքրամասնություններին վերապահված իրավունքներից:

Ալբերտ Էսեդովը եւ Ֆեյզուդդին Նագիեւը տեղեկացրին, որ Ադրբեջանում ոչ միայն անտեսված են լեզգիների իրավունքները, այլեւ ամեն ինչ արվում է խթանելու էթնիկ զտումները. 1,5 մլն լեզգիները զրկված են տարրական իրավունքներից, նրանք մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք անգամ չունեն, քանի որ Ադրբեջանում չկա եւ ոչ մի լեզգիական դպրոց: Այդ երկրում ազգային փոքրամասնություններին ոչնչացնելու քաղաքականություն է վարվում: Պատվիրակները պահանջում էին համամարդկային պահանջների վրա հիմնված ազգային իրավունքների պաշտպանություն, բայց քանի որ բարձրաձայնելու եւ միջազգային հանրությանը այդ խնդիրների մասին իրազեկելու հնարավորություն չունեն, նրանք խնդրեցին, որ հայ խորհրդարանականներն այդ մասին ահազանգեն միջազգային կառույցներում:

Ըստ Վագիֆ Կերիմովի` հայ ժողովրդի հետ իրենց փոխըմբռնումը պատմական ճակատագրով ու մատուցված անարդարություններով է պայմանավորված, ուստի իրենք շատ լավ են հասկանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու ողջունում են Արցախի անկախությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերը:

ԱԺ փոխնախագահը բարձրացված հիմնախնդիրների լուծումը պայմանավորեց ակտիվ համագործակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների խտրականության աղաղակող փաստը բարձրաձայնելու միջազգային կառույցներում:  

← Վերադառնալ ցուցակին