Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
05.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արտաքին քաղաքականության ձեւաչափում Հայաստանի համար մեծապես կարեւորվում են Շվեյցարիայի հետ ունեցած հարաբերություններն ու դրանց հետագա խորացումը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով` վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում, առկա է փոխվստահության, փոխըմբռնման մթնոլորտ: Ինչպես նշեց Հովիկ Աբրահամյանը, դրան էապես նպաստել են նաեւ երկու երկրների միջխորհրդարանական ակտիվ կապերը, եւ համանման այցերն այն հիմք են, որ հնարավորություն են ընձեռում երկու խորհրդարաններին ապագայում էլ ավելի ընդլայնելու արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը: Աժ նախագահը գոհունակություն հայտնեց, որ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը համալրվել է մեծ հեղինակություն վայելող նոր անդամներով:
Հովիկ Աբրահամյանը պատգամավորական խմբին շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղ այցելության համար:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանը նշեց, որ հայ-շվեյցարական խորհրդարանական հարաբերությունները լավ ավանդույթներ ունեն, փոխայցելությունները կրում են կանոնավոր բնույթ, եւ սա իրենց առաջին այցելությունը չէ ՀՀ Ազգային ժողով: Նրա խոսքով` բոլոր գաղափարների առաջմղումը, մշակութային նախաձեռնությունները, երկարաժամկետ շահերը պետք է նախեւառաջ արտահայտվեն ժողովուրդների ու նրանց ընտրյալների կողմից:
Նա անդրադարձավ Շվեյցարիայի խորհրդարանի հայանպաստ գործունեությանը, մասնավորապես` 2003 թվականի դեկտեմբերի 16-ին շվեյցարացի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ` Շվեյցարիայի դեսպանության հիմնմանը Հայաստանում, որին մեծապես նպաստել է խորհրդարանական բարեկամության խումբը:
Դոմինիկ դե Բումանը կարեւորեց նաեւ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում:
Նա նշեց, որ պատվիրակությունը տպավորված է Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից, որտեղ հնարավորություն է ունեցելտեսնելու, ճանաչելու ու զգալու անկախ ապրելու իր ուղին ընտրած արցախցիների կյանքն ու իրականությունը:
«Շատ կարեւոր է, որ Շվեյցարիան 2013-ին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, եւ շատ կարեւոր է, որ կարողանանք մեր պատվիրակներին փոխանցել այն ամենը, ինչ մենք տեսանք ու հասկացանք Ղարաբաղում: Դա կօգնի, որ միջազգային այս կառույցը հավասարակշիռ դիրքորոշում որդեգրի»,- նշեց Դոմինիկ դե Բուման:
Բարձր գնահատելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացները` նա պատրաստակամություն հայտնեց ամենայնս նպաստելու Շվեյցարիայում առկա ժողովրդավարական փորձը փոխանցելուն: «Հենց այս սկզբունքների մեջ եմ ես նաեւ դիտարկում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»,-ասաց շվեյցարացի պատգամավորը: Նա կոչ արեց Հայաստան- Շվեյցարիա բարեկամական խմբին լինել ավելի ակտիվ` նպաստելով երկու մշակույթների ու տնտեսությունների տեւական, կայուն բարեկեցությանը:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովին Ադբեջանին հանձնման եւ այս երկրի ղեկավարության կողմից նրան հերոսացման հարցին, նշեց, որ այն դուրս է բարոյական ու իրավական բոլոր չափանիշներից, դժգոհության ու բացասական գնահատանքի արժանացավ միջազգային հանրության կողմից: «Հարիր չէ, որ Եվրամիության անդամ երկրի իշխանությունները գնացին նման քայլի, նախօրոք իմանալով, որ մարդասպանը Ադրբեջանում հերոսացվելու է: Սա վտանգում է եվրոպական արժեքները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ հայկական կողմը միջազգային հանրությունից ակնկալում ավելի գործուն քայլեր, պատժամիջոցների կիրառում թե Հունգարիայի եւ թե Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: Նրա խոսքով` մարդասպանությունը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա, ինչը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքն է: «Այլընտրանք չկա. Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-նշեց ԱԺ նախագահը`ընդգծելով, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները հակամարտության լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Անդրադառնալով Հայաստան -Թուրքիա հարաբերություններին` խորհրդարանի ղեկավարը հիշեցրեց, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ենթադրում էին նաեւ խորհրդարանների կողմից վավերացում: Սակայն, ինչպես բազմիցս ցույց է տվել պատմությունը, այս անգամ եւս Թուրքիան իր խոսքը դրժեց: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը տածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով:
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը նշեց, որ իրենց համար անընդունելի է Հոնգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը, եւ Արբեջանի նախագահի արարքը, ինչի մասին պատգամավորը հայտարարել է նաեւ Շվեյցարիայի խորհրդարանում: «Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում եւ տարածաշրջանում, ու ցանկանում ենք, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասաց Ուելի Լոյենբերգերը;
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ըստ Ուելի Լոյենբերգերի` Թուրքիան պետք է լսի ողջախոհության ձայնը: «Ամենայն հավանականությամբ, թուրք ժողովուրդն է, որ իր կառավարությանը կկոչի այդ ողջախոհությանը, եւ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը կարող է օգնել թուրք ժողովուրդին»,-կարծիք հայտնեց շվեյցարացի պատգամավորը:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: