Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

04.10.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սահմանադրական դատարանների և այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում» թեմայով հոկտեմբերի 04-06-ը Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մի շարք երկրների սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը ողջունել է ցանկացած երկրի և հասարակության համար մշտապես արդիական ու կարևոր համարվող արդարադատության խնդիրների քննարկմանը միտված հանդիպումների անցկացումը և երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին մաղթել հաջողություններ:

Ոլորտի մասնագետների՝ արդեն ավանդույթ դարձած նման ներկայացուցչական կազմով հանդիպումները, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, փոխադարձաբար օգտակար են և թույլ են տալիս պրոֆեսիոնալ մակարդակում քննարկել արդարադատության, սահմանադրական իրավունքի ոլորտի խնդիրները, համատեղ լուծումներ գտնել, կիսվել առաջադեմ փորձով և դրանց հիման վրա հանձնարարագրեր մշակել, որոնք կարող են մասնակից երկրների արդարադատության համակարգերի կատարելագործման, այդ ոլորտում բարեփոխումների խթանման հիմք դառնալ:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Նախագահին ներկայացրել է երկօրյա խորհրդաժողովի նիստերում քննարկվելիք թեմաներն ու մասնակից երկրների համար դրանց կարևորությունը: Հանդիպմանը ներկա սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ՍԴ-ի և նրա նախագահի գործունեությունը՝ միջազգային խորհրդաժողովը պատշաճ մակարդակով Երևանում հյուրընկալելու, տարբեր երկրների սահմանադրական դատարանների միջև փոխգործակցությունը խթանելու, ինչպես նաև ՀՀ ՍԴ փորձի փոխանակման գործում պատրաստակամության և մշտապես շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համար:

← Վերադառնալ ցուցակին