Լուրեր

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

04.10.2012

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նախորդ օրն ընդհատված Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Հարակից ելույթով հանդես եկավ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով ` 2011 թվականին ` հետճգնաժամային երկրորդ տարում, շարունակվեց տնտեսության վերականգնման գործընթացը, որն էլ արձանագրեց էական բարելավումներ: Ակնառու են արդյունաբերության 15,9 %, գյուղատնտեսության 13,7%, ծառայությունների 3,7% աճերը: Շինարարության ոլորտի անկումը հաշվետու տարում կազմել է 12,3 %: ՀՀ 2011 թվականի պետական բյուջեն եկամուտների մասով կազմել է 880, 9 մլրդ դրամ, ծախսերի մասով` 986, 59 մլրդ դրամ, իսկ պակասուրդ եղել է 105,7 մլրդ դրամ: Հարկային եկամուտների կազմում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ուղղակի հարկերի տեսակարար կշիռն ավելացել է:

Գագիկ Մինասյանի խոսքով` 2011-ին պահպանվեցին եւ զարգացան 2010-ի դրական միտումներն ու ձեռքբերումները: Բարձրացավ մակրոտնտեսական կայունության մակարդակը, խորացավ տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանը, ապահովվեցին տնտեսական աճի եւ գնաճի սահմանված ցուցանիշները:2011-ի պետական բյուջեն ապահովեց պետության հիմնական գործառույթների իրականացումը:

Հարակից զեկույցով հանդես եկավ նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնածողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա առաջարկեց նախատեսել պահանջ, ըստ որի` բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ հանձնաժողովների նիստերին մասնակցեն նաեւ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները: Եվ քանի որ կառվարությունը բյուջեի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է ընթացիկ հաշվետվություն, օրենքով ամրագրել, որ Ազգային ժողովը կազմակերպի ընթացիկ քննարկում:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Աղվան Վարդանյանը: Խմբակցության քարտուղարն առաջարկում է բյուջեի կատարման հաշվետվության քննակման նոր մոտեցումներ որդեգրել, որպեսզի հասարակության համար առավել ընկալելի լինեն բյուջետային ցուցանիշները եւ հասարակությունը կարողանա գնահատել կառավարության գործունեությունը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ընդդիմադիր պատգամավորը քննադատեց կառավարության 2011-ի գործունեությունը? նշելով, որ այդ տարի միջին աշխատավարձն աճել է 5.9%-ով, մինչդեռ գներն աճել են 7.7%-ով, ուստի քաղաքացիները 1.8%-ով ավելի վատ են ապրել:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը 2011 թվականը ընդհանուր առմամբ գնահատեց որպես տնտեսության համար հաջողված տարի: Նախարարի խոսքով` 2011-ին տնտեսությունը դարձել է ավելի տրամաբանական եւ բալանսավորված: Տեղի են ունեցել ծավալային եւ կառուցվածքային փոփոխություններ, աճել է արտահանման ծավալը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` ԱՊՀ շրջանակում միակ ընդլայնողական քաղաքականություն վարող երկիրը եղել է Հայաստանը: Չնայած 2011-ը գնաճային էր, կային բացթողումներ ու թերություններ, այնուհանդերձ բոլոր ծրագրերն իրականացվել են:

Խորհրդարանը 70 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նաեւ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությունը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախագծով սահմանվում է պետական տուրքի արտոնություն ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության վայրում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետությունում մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական գույքի գանձումից ազատելու խնդիրը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի խնդիրները նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ կառավարության առաջարկը պայմանավորված է Հանրապետության նախագահի հստակ հանձնարարականով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական է:

Օրինագծի վերաբերյալ իրենց դրական դիրքորոշումը ներկայացրին ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նշելով այս դժվարին իրավիճակում օրինագծի կարեւորությունը մեր սիրիահայ հայրենակիցների համար` պատգամավորները նաեւ տեղեկացրին, որ ԱԺ «ՀՀԿ» եւ «Օրինաց երկիր» խմբակցութունների անդամներն իրենց ֆինանսական օժանդակությունն են ցուցաբերում սիրիահայերի աջակցման նպատակով ստեղծված ֆոնդին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը պատգամավորների քննարկմանն առաջարկեց ՀՀ Նախագահի ներկայացրած 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման /առեւանգման/ մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիրը, որը նպատակ ունի օդանավի զավթման դեպքում սահմանել հակաօդային պաշտպանության ուժերի համագործակցության ձեւերը:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Խորհրդարանը քննարկեց նաեւ ՀՀ Նախագահի ներկայացրած 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիրը, որը, ինչպես արտահայտվեց հիմնական զեկուցող Արա Նազարյանը, հետապնդում է մարդասիրական նպատակներ եւ ուղղված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացման համար իրականացվող համատեղ միջոցառումների աջակցմանը: Այս համաձայնագրի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այն ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «ՀԵռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Գրիգոր Ամալյանն տեղեկացրեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գործել է 94 հեռուստաընկերություն եւ 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 2040 եւ տարածքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 1233 օրերի ուղղակի դիտարկումներ: Հանձնաժողովը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթները խախտելու համար նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությանը:

ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ստացել եւ ուսումնասիրել է 31 դիմում-բողոք, որոնք վերաբերել են հեռուստառադիոընկերությունների հաղորդումների անորակ լինելուն, լեզվի անաղարտության խնդրին, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն եւ այլն: Մեկ բողոք վիճարկվել է դատական կարգով:

Ի պատասխան պատգամավորների հարցադրումներին` Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ գովազդի տեւողությունը չպետք է գերազանցի օրենքով նախատեսված 14 րոպեն, այնինչ, բացի գովազդից, կան նաեւ այլ տիպի ընդհատումներ, որոնց ժամանակը սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում համապատասխան փոփոխություն կատարել:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում եւ ընդունվել է ի գիտություն:

Քննարկվող հարցի եւ հեռուստաեթերում տիրող իրավիճակի մասին տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակություն: Ելույթ ունեցող պատգամավորները հիմնականում մտահոգություն հայտնեցին կուսակցական հեռուստաալիքների գոյության, հեռուստահաղորդումների բովանդակային ու տեխնիկական թերությունների, հեռուստահաղորդումների ընտրության չափանիշների, եթերը հեղեղած անբովանդակ հեռուստասերիալների, մայրենի լեզվի աղավաղումների համար:

Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա անդրադարձավ 2010 թվականին հանրային հեռուստաընկերության կազմում ընդգրկված Հ1, Արարատ եւ արբանյակային ալիքների, ինչպես նաեւ ռադիոընկերության տեխնիկական եւ ծրագրային բարեփոխումներին` տեղեկացնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն առաջատար դիրքերում է եղել եւ ապահովել միջինացված ամենամեծ լսարանը:

Հարցի քննարկումն ընդհատվեց քառօրյա նիստերի` ԱԺ կանոնակարգով նախատեսված ժամանակն սպառվելու պատճառով: Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում:  

← Վերադառնալ ցուցակին