Լուրեր
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
02.10.2012
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները:
ԲՀԿ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի կարծիքով` Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի եւ ճնշում է ԲՀԿ քաղաքական ուժի նկատմամբ: Ըստ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի` Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են: Նույն խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը նշեց, որ հավատում է Վարդան Օսկանյանի անկեղծությանը: Պատգամավորը կոչ արեց քաղաքական մեծամասնությանը` ՀՀ դատախազությանն առաջարկել ` հետ վերցնել միջնորդությունը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
ՀՀԿ խմբակցության անդամներ Հայկ Բաբուխանյանը, Համլետ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը իրենց ելույներում նշեցին, որ խորհրդարանը քննչական մարմին չէ, ուստի ներկայացված միջնորդագրով պետք է հնարավորություն տալ իրավապահ մարմիններին` շարունակելու քննչական աշխատանքը եւ պարզելու հարցի իսկությունը: ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով` եթե Վարդան Օսկանյանը համագործակցեր քննչական մարմինների հետ, ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագրով հանդես չէր գա, եւ հարցը խորհրդարանում չէր քննարկվի:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չհամաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների այն տեսակետի հետ, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը բխում է հենց իր շահերից: Խմբակցության ղեկավարի կարծիքով` խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող խմբակցությունը նախեւառաջ պետք է մտածի Ազգային ժողովի վարկի մասին: Տեղեկացվեց, որ խմբակցությունը քննարկել է եւ որոշել դիմել խորհրդարանական մեծամասնությանը` առաջարկելու ՀՀ գլխավոր դատախազին, որ հետ վերցնի միջնորդությունը: Նշվեց, որ առաջարկը չընդունվելու դեպքում խմբակցությունը կբոյկոտի քվեարկությունը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ քվեարկությամբ կարտահայտի իր մոտեցումը, իսկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր քվեարկությամբ ազատորեն կարտահայտի իր դիրքորոշումը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադարձավ պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ եզրակացություններին:ՀՀ գլխավոր դատախազի կարծիքով` որոշ կուսակցություններ այս քննարկումների ընթացքում փորձեցին որոշակի քաղաքական շահաբաժին ունենալ, իսկ որոշ դեպքերում` աղավաղվեցին իրավական հասկացությունները եւ ներկայացված փաստերը: Նրա խոսքով` միջնորդագրի ներկայացումը քաղաքական որեւէ երանգ չի պարունակում, քանի որ միջնորդագրով Վարդան Օսկանյանին կալանավորելու մասին համաձայնության հարց չի դրվում. նա չի ձերբակալվում, չի կալանավորվում եւ իր պատգամավորական մանդատից չի զրկվում, չի խոչընդոտվում նրա քաղաքական, հասարակական գործունեությունը եւ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Անդրադառնալով ելույթներում բարձրացված այն հարցին, թե ինչ խափանման միջոց պետք է ընտրի նախաքննության մարմինը, պարոն Հովսեփյանն ասաց. «Օրենքը չի պարտադրում նախաքննություն իրականացնող մարմնին պարտադիր ընտրել որեւէ խափանման միջոց»: Նշվեց, որ գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում, որի ընթացքում ստուգվելու են մի շարք հարցադրումներ եւ հանգամանքներ: Տեղեկացվեց, որ միջնորդագրի նպատակն է ապահովել գործող օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության կատարումը, ինչը, ըստ Աղվան Հովսեփյանի, պայմանավորված է նաեւ Վարդան Օսկանյանի դատավարական կարգավիճակով:
Անդրադառնալով պատգամավորների այն տեսակետներին` թե գործում չկա բողոք, չկա տուժող, եւ թե արդյոք ում շահերն է պաշտպանում նախաքննության մարմինը, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Քրեական գործի նախաքննությամբ ակնհայտորեն պաշտպանվում են «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա շահառուների գույքային շահերը, ինչպես նաեւ բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը»: Ըստ Աղվան Հովսեփյանի` պատահական չէ, որ շաբաթ օրը Վարդան Օսկանյանի բանկային հաշվեհամարում մնացած 870 հազար դոլարն ամբողջությամբ վերադարձվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին: Նշվեց, որ նախաքննության փուլում հիմնադրամին պատճառված վնասները ամբողջությամբ վերականգնվեցին, ինչը, ըստ ելույթ ունեցողի, նախաքննության մարմնի կողմից պետք է գնահատվի որպես հանցագործությամբ կատարված հետեւանքների վերացում` նպաստելով հանցագործության շարունակության կանխմանը:
Աղվան Հովսեփյանը եւս մի քանի մանրամասներ ներկայացրեց Վարդան Օսկանյանի բանկային հաշվի քաղվածքից, դրամական միջոցների շարժից:
Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ ոչ ոք չի ժխտում? Վարդան Օսկանյանի անմեղությունն ապացուցվելու է դատական կարգով, իսկ միջնորդագրով նա ոչ թե մեղավոր է ճանաչվում, այլ ներգրավվում է որպես մեղադրյալ քրեադատավարական նորմերի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
Գլխավոր դատախազը միաժամանակ հավաստիացրեց, որ նախաքննության հետագա ընթացքը կլինի թափանցիկ, հրապարակային, եւ հանրությունը ժամանակ առ ժամանակ կիրազեկվի արդյունքների մասին:
Հարցի քննարկումն ավարտելուց հետո քվեարկության ժամկետներն ու կարգը ներկայացրեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: 45 րոպե տեւողությամբ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում
Ազգային ժողովը 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ(1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր) որոշում ընդունեց ԱԺ պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրայլ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Այնուհետեւ խորհրդարանն անցավ օրակարգային հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2011 թ. ՀՀ դրամավարկային ծրագրի կատարման հաշվետվության քննարկմանը, որը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա ընդհանուր գծերով զեկուցեց գնաճի զարգացումների եւ արտաքին ու ներքին այն գործոնների մասին, որոնք հաշվետու տարում ազդել են գնաճի ձեւավորման վրա: Այսպիսով, 2011 թվականի սկիզբը, համաձայն ներկայացված հաշվետվության, գնահատվում է բարձր գնաճային միջավայրով, որը հետեւանք է 2010-ին գույքային եւ պարենային ապրանքների միջազգային գների աճի, Հայաստանում գյուղատնտեսության ճյուղի խոր անկման պայմաններում նրա առաջարկի կրճատման: Ժամանակահատվածը բնութագրվում է նաեւ արտաքին աշխարհից եկող անորոշություններով, գնաճային ճնշումներով ու ռիսկերով: Ինչպես ներկայացրեց Ներսես Երիցյանը, քանի որ գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորված է եղել բացառապես առաջարկի գործոններով, Կենտրոնական բանկը դրամավարկային պայմանների խստացում չի իրականացրել այդ ժամանակահատվածում՝ հիմնավորելով իր քաղաքականությունն աշխարհում ընդունված գնաճի նպատակադրման ռազմավարության հիմնադրույթներով եւ դրամավարկային քաղաքականության տեսությամբ, ըստ որի՝ ԿԲ-ն միջամտում է առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի միայն երկրորդային ազդեցություններին, եւ եթե կան գնաճային բարձր սպասումներ:
ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ արտաքին աշխարհից եկող անորոշությունները դրսեւորվել են հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումների ուժգնացմամբ եւ Հայաստանում գնաճային միջավայրի ընդլայնմամբ, ինչի արդյունքում տարբեր շոկերով պայմանավորված գների աճը շարունակվել է մի քանի ամիս՝ թողնելով երկրորդային ազդեցություններ: 12 ամսվա գնաճը մարտին կազմել է 11.5 տոկոս: Այդ ժամանակահատվածում ԿԲ խորհուրդը հայտարարել է, որ գնաճը կառավարելի է, գնաճային միջավայրը շարունակում է ձեւավովել բացառապես առաջարկի գործոնների ազդեցությամբ: Ելնելով անհրաժեշտությունից՝ որոշվել է հետագա ամիսներին գնաճային միջավայրը զսպելու, երկրորդային ազդեցությունները չեզոքացնելու եւ սպասումները խարսխելու նպատակով փետրվարից սկսած 3 ամիս շարունակ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր առմամբ 1.25 տոկոսային կետով:
Երրորդ եռամսյակին սպառողական գների զարգացումները եւ առաջիկա ժամանակահատվածի կանխատեսումները վկայել են գնաճի լավատեսական հեռանկարի մասին, ինչն էլ հնարավորություն է տվել սեպտեմբերին թուլացնել դրամավարկային պայմանները: ԿԲ խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով:
ԿԲ նախագահի տեղակալի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2011 թ. Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը հանգեցրել է գնաճի տեմպերի նվազմանը եւ կայունացմանը, ինչն ուղեկցվել է տնտեսական ակտիվությամբ: Հաշվետու տարում արձանագրվել է 4.7 տնտեսական աճ, որը համապատասխանում է պետական բյուջեի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին եւ համահունչ է նաեւ ԿԲ-ի կանխատեսումներին:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 3-ի նիստում: