Լուրեր
ԱԺ պատգամավորները քննարկեցին Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
01.10.2012
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրինագծերը:
ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյա վերջին նիստում ընդհատված, 2011 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրության քննարկումը:
Ալեքսանդր Արզումանյանը, ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, արձանագրեց, որ խմբակցությունը որեւէ խնդիր չունի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում, իրենք դեմ են միայն այս նախագծին, որը սահմանափակում է երկրի ինքնիշխանությունը, ուստի դեմ են քվեարկելու արձանագրության վավերացմանը:
Գլխադասային` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եզրափակիչ ելույթում նկատեց, որ պետք չէ գույները չափից ավելի խտացնել. քննարկվող արձանագրությունն ընդամենը լրացնում է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը եւ տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության խնդիր է լուծում, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հավաստիացրեց, որ արձանագրությունը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին, եւ կոչ արեց վավերացնել այն:
Այնուհետեւ ԱԺ պատգամավորները քննարկեցին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012 թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել` փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ` դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեակաան օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի` քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. կան բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռեւս հրապարակման ենթակա չեն: Օսկանյանը ներկայում հրաժարվում է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:
«Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասված է միջնորդագրում:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով` ՀՀ գլխավոր դատախազը միջնորդում է Ազգային ժողովին համաձայնություն տալ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին` որպես մեղադրյալ ներգրավելու այդ քրեական գործում:
ԱԺ 14 պատգամավորներ ՀՀ գլխավոր դատախազին հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին դրամական միջոցների յուրացման հանգամանքներին, նվիրատուի հետ կնքված պայմանագրին, գործին ներգրավված անձանց, դատախազի ներկայացրած միջնորդագրի նպատակին, քրեական գործի` քաղաքական դրդապատճառների հետ հնարավոր առնչակցությանը:
Ելույթ ունեցավ «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ով իր ելույթում անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հարցերում արծարծված երկու խնդրի: Առաջին` ինչու է Վարդան Օսկանյանը ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարները փոխանցել իր հաշվեհամարին եւ երկրորդ` արդյոք Վարդան Օսկանյանն այդ գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար:
Անդրադառնալով առաջին հարցին` Վարդան Օսկանյանը նշեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը երկու ձեւով է գումարներ ստացել. առաջին դեպքում գումարներն անմիջապես ստացել է հիմնադրամը, մյուս դեպքում հիմնադրամը գումարներն ստացել է Վարդան Օսկանյանի միջոցով:
Նա ասաց, որ Հանթսմանների ցանկությամբ է գումարների` այս կարգով հատկացումը կատարվել: Հակառակ պարագայում` նրանք կարող էին այնպես կնքել պայմանագիրը, որ գումարներն անմիջապես փոխանցվեին հիմնադրամին, սակայն, ըստ Վարդան Օսկանյանի` Հանթսմանների ցանկությունն է եղել, որ քննարկվող 1 մլն 427 հազար դոլարը փոխանցվի նրա հաշվեհամարին եւ օգտագործվի իր հայեցողությամբ ու ցանկացած ժամկետում:
Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը տեղյակ է եղել այս փաստին, բացի այդ` համապատասխան փաստաթղթերում առկա են հին եւ նոր հոգաբարձուների խորհուրդների անդամների հայտարարությունները` հաստատված ստորագրություններով, ուստի վերանում է հարցը, թե ինչու է խնդրահարույց գումարը եղել Վարդան Օսկանյանի հաշվեհամարում:
Խոսելով գումարների յուրացման եւ անձնական նպատակներով օգտագործելու մեղադրանքի մասին` Վարդան Օսկանյանն անդրադարձ կատարեց իր` որպես մարդու եւ քաղաքական գործչի անցած ճանապարհին` հավաստիացնելով, որ չի յուրացրել եւ անձնական նպատակներով չի օգտագործել «Սիվիլիթաս» հիմնադրամից ոչ մի լումա, ավելին` ինքն է իր անձնական գումարները երբեմն ծախսել հիմնադրամի կարիքների համար:
Վարդան Օսկանյանի կարծիքով` տեղի ունեցածը քաղաքական պատվեր է, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները:
ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Վահե Հովհաննիսյանը միջնորդագիրը որակեցին որպես քաղաքական պատվեր, որը չունի ոչ մի իրավական ուժ: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ելույթներից հետո ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի հարցի հետ կապված քվեարկությանը, ինչպես նաեւ քառօրյա նիստերի աշխատանքին:
ՀՅԴ խմբակցության անդամներ Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Արծվիկ Մինասյանը նույնպես քաղաքական հետապնդման փորձ համարեցին Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական գործը, որը, ըստ նրանց, իրավական առումով անհիմն է:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեց նախորդ եւ ներկա իշխանությունների ներկայացուցիչներին` նշելով, որ ինքը չի պատրաստվում այդ անդամներից որեւէ մեկին պաշտպանել մյուս անդամների հարձակումներից:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը անընդունելի համարեցին այս խնդրում քաղաքական ենթատեքստ փնտրելը: Նրանց գնահատմամբ` ոչ ոք չի ասում, որ Վարդան Օսկանյանը մեղավոր է: Ներկայացված միջնորդագրով պարզապես պետք է հնարավորություն տալ իրավապահ մարմիններին` բնականոն քննչական աշխատանքով պարզելու խնդրի իսկությունը:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` հոկտեմբերի 2-ի նիստում: