Լուրեր

Հանձնարարվել է վերահսկել թեժ գծերով ստացվող զանգերի ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը

01.10.2012

Հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձևավորման և լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները:
Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարությունների շրջանակում Երևան կայցելեն աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ: Այդ օրերին Երևանը կհյուրընկալի շուրջ 13 երկրների ավելի քան 100 պատվիրակների, այդ թվում` մի շարք քաղաքապետերի:Տոնակատարություններին ընադառաջ քաղաքապետը հանձնարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:
<<Կոչ եմ անում, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, մասնավոր ու պետական հիմնարկները և քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև մեր բնակիչներն ակտիվորեն մասնակցեն շաբաթօրյակին: Քաղաքապետարանը կհոգա ու կապահովի նաև անհրաժեշտ պարագաներով>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Ընթացող աշխատանքներին զուգահեռ, վերականգնված է նաև 2000 գծամետր մայթեզրյա հատված:Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Ուժեղացված հսկողություն է իրականացվում մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթվա ընթացքում երկու միկրոավտոբուսային երթուղիների շարժակազմերը փոխարինվել են ավտոբուսներով:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված վերգետնյա 7 հետիոտնային անցումներից 5-ն արդեն շահագործվում են, ավարտական փուլում են հետիոտնային վերջին 2 անցումների աշխատանքները:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են նկարազարդման աշխատանքները մայրաքաղաքի կամարանցումներում և բակային տարածքներում:<<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՊՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու առաջարկի հետ կապված:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խսիտ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որևէ դեպք, այդ թվում <<Օգնիր դպրոցիդ>> և <<Օգնիր մանկապարտեզիդ>> էլեկտրոնային կայքերի միջոցով կատարվող նվիրատվությունների դեպքում, որոնք կատարվում են միայն կամավոր սկզբունքով և պարտադիր բնույթ կրել դրանք չեն կարող:
Հանձնարարվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների և նման այլ պարագաների վաճառքը:
<<Դպրոցը առևտրի վայր չէ: Նմանատիպ երևույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները և պատասխանատվության կենթարկվեն>>,- նշել է քաղաքապետը:Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքն ու բնակչության կողմից այդ հեռախոսահամարներին ստացվող ահազանգերին արձագանքման ընթացքը:
<<Սպասարկման ոլորտի այն կառույցներում, որտեղ հստակ հայտարարել ենք, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, պետք է ուսումնասիրել, թե ինչ ընթացք է տրվում քաղաքացիների հնչեցրած ահազանգերին: Բացի այդ, քայլեր ձեռնարկեք կարճ ժամանակում աշխատակազմի բոլոր սպասարկման գործառույթ իրականացնող վարչություններին առանձին թեժ գծի հեռախոսահամարներով ապահովելու ուղղությամբ և վերահսկեք, որպեսզի դրանցով ստացված ահազանգերին օպերատիվ լուծումներ տրվեն>>,- նշել է քաղաքապետը:

← Վերադառնալ ցուցակին