Լուրեր

Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ

01.10.2012

Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ:

Ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունները, եւ նման հադիպումները հարկավոր է օգտագործել` անդրադառնալու համագործակցության ծավալուն հնարավորություններին տարբեր ոլորտներում:

Նա հույս հայտնեց, որ Վոլֆգանգ Թիրզեի այցը Հայաստան, որի առիթը Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակն է, նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական կապերին, իսկ դրանց հիմքում առաջնային կլինի Ազգային ժողով-Բունդեսթագ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ համագործակցության մեծ ներուժը՝ անդրադառնալով նաեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնություններ կյանքի կոչելու հնարավորություններին:

Կողմերն անդրադարձան ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացմանը, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Գերմանիայի հնարավոր դերակատարությանը, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Արտակ Դավթյանը գերմանացի հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերը կնշանավորվի մի շարք միջոցառումներով, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ ամիսը կարելի է գերմանական անվանել: 

← Վերադառնալ ցուցակին