Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի կազմակերպիչների հետ

30.09.2012

Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության և Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթելով գիտարշավի կազմակերպիչներին ՝ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել նախաձեռնությանը:
<<Զբոսաշրջային գրավչության առումով փորձում ենք Երևանն առավել հետաքրքիր և հարմարավետ դարձնել զբոսաշրջիկների համար: Աջակցելով գիտարշավին՝ պատրաստ ենք նաև համագործակցել և նոր ու հետաքրքիր մտահղացումներ և համատեղ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնել: Ողջունում եմ բուհի մեծ առաքելությունը՝ տուրիզմը որպես գիտություն զարգացնելու և բարձրակարգ կադրեր պատրաստելու հարցում, ինչը համահունչ է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային քաղաքականությանը>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Սահակյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է Հայաստանում ի հայտ բերել զբոսաշրջային նոր ռեսուրսներ և որպես ապրանք ներկայացնել արտաքին շուկաներ: Ռեկտորը հավելել է նաև, որ Երևանը ակնհայտ բարեփոխվել է, և տեսանելի են հատկապես կոլորիտային քաղաք ստեղծելուն ուղղված աշխատանքները:
Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Յուրի Լագուսևը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև գիտարշավի նախաձեռնության աջակիցը լինելու համար և լիազորված լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ՌՏՄԱ-ի Պատվո նշանով՝ զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար:ՌՏՄԱ-ի ռեկտորը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Մոսկվայի կառավարության Զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության կոմիտեի նախագահ Ս. Պ. Շպիլկոյի շնորհակալական ուղերձը:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի վերաբերյալ մենագրություն է հրատարակվելու, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություններին:
 

← Վերադառնալ ցուցակին