Լուրեր

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր

29.09.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Հարաբերությունների դինամիկան մեզ գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը պարտավոր ենք օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճը և գոհունակություն հայտնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ: «Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, չնայած մենք հասկանում ենք, որ կարևոր է նաև այդ շրջանառության որակը, սակայն այն չի ընկնում, այլ աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:Նրա գնահատմամբ` ներդրումային չօգտագործված ռեսուրս ևս առկա է:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ռուսական կողմը քննարկի Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ դոնորների կոնֆերանսին իր մասնակցության հարցը, որտեղ անդրադարձ կկատարվի Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման խնդրին: Վարչապետը կարևորել է այս հարցը և ստացել է իր ռուս գործընկերոջ աջակցությունը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը: Զրուցակիցները հստակեցրել են այս ուղղությամբ իրականացվելիք երկկողմ քայլերը: Ակնկալվում է, որ ռուսական կողմը կմասնակցի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսաֆորմանը, ուստի զրուցակիցները քննարկել են, թե ինչպիսի ֆինանսական սխեմաներով է ՌԴ-ն մասնակցելու այդ գործընթացին և ինչպես է հայկական կողմը մարելու իր ֆինանսավորման պարտավորությունները՝ ատոմակայանի կառուցումից և շահագործումից հետո: Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը և հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:
Վարչապետ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ադամանդագործության զարգացմանն ուղղված հարցերի: Քանի որ Հայաստանն արդեն վավերացրել է ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը, կողմերը քննարկել են որոշ ռեժիմների մեղմացմանն առնչվող խնդիրներ: Հայկական կողմն առաջարկել է ադամանդի հումքի ներմուծման ժամանակ Ռուսաստանում կիրառվող 6,5 տոկոսանոց արտահանման հարկը վերանայել Հայաստանի համար, ինչին ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է պատկան մարմիններին քննարկել հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնման ուղղություններն ու ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին