Լուրեր
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
28.09.2012
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրիկ Կարայանը, տեղեկացրեց, որ նախագծի կարգավորման նպատակը հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակների ընդլայնումն է, ինչպես նաեւ օրենսգրքի` 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած 169.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվությունը առաքվող կամ տեղափոխվող ապրանքների կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերի գրանցման կարգի խախտումների դեպքում կիրառելն է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որն ուղղված է ՀՀ օրենսդրության կատարելագործմանը` ՀՀ օրենքների միջեւ հակասությունների եւ անհամապատասխանությունների վերացմանը, թանկարժեք մետաղների բնագավառում իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահելուն, ինչպես նաեւ պետական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանցման առավել արդյունավետ մեխանիզմներ մշակելուն:
«Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Օրենքի նախագծով Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանվում են հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ` նկատի ունենալով, որ պայմանագրով պատվիրատուի վրա են թողնված կատարվող աշխատանքների մասով ՀՀ-ում առաջացող հարկերի եւ մաքսային վճարների վճարումները: Ըստ էության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինի տրամադրվող հարկային եւ մաքսային արտոնությունները:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է փոփոխել (երկարաձգել) մասնավորեցման ծրագրի գործողության ժամկետը` 2006-2007-ը դարձնելով 2006-2015 թթ., եւ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում լրացում կատարել:
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Օրենքների նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ( ԱԷՄԳ) միջեւ կնքված համաձայնագրի, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության պահանջներից` ապահովելու ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջը:
Օրինագծերի փաթեթով կսահմանվեն պետական հաշվառման եւ վերահսկման ենթակա միջուկային նյութերը, միջուկային նյութերի հաշվառման համար անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերը, միջուկային տեղակայանքի, ատոմային էներգիայի օգտագործման այլ օբյեկտներում եւ պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառմանը ներկայացվող պահանջները, միջուկային նյութերի հաշվառումից հանելու, կասեցնելու, հաշվառումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, ստուգումները, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն ներկայացվող հաշվետվություններն ու տեղեկությունները եւ հաշվառման ու վերահսկման հետ կապված հարաբերությունները:
Քննարկված բոլոր օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն` ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար համարեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
Հանձնաժողովն անդրադարձավ նաեւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի քննարկումը հետաձգվել էր, մինչեւ կառավարությունը ներկայացներ առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը: Քվեարկության դնելով հարցը՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագիծն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:
Քննարկվեց եւ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացակարգը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցողը` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, տեղեկացրեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալու եւ հակասությունները վերացնելու հանգամանքով:
Նախատեսվում է օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:
Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, այնուհետեւ հանձնաժողովի անդամները, կարեւորելով ներկայացված փոփոխություններն ու լրացումները, առաջարկեցին մի շարք նոր փոփոխություններ ներառել նախագծերում` առավել դյուրացնելու եւ հստակեցնելու ոլորտի աշխատանքը, ինչպես նաեւ բացառելու խախտումների համար նախատեսված տուգանքների անհամաչափության ու անարդարության գործոնը:
Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց առաջարկություններից մի քանիսը ներառել նախագծում մինչեւ լիագումար նիստը, իսկ տեղեկատվական համակարգի պայմաններում մեքենաների դիմապակու վրա ԱՊՊԱ կտրոնների փակցման աննպատակահարմարության առաջարկին անդրադառնալ փոքր-ինչ ավելի ուշ, երբ հարցը մանրակրկիտ քննարկվի ՀՀ կառավարությունում:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Օրենքի նախագիծը նպատակ ունի կանխելու Հայաստանի Հանրապետությունում այն անձանց ապաստան ստանալը, ովքեր կարող են ՀՀ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնել: Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության համար հնարավոր վտանգ ներկայացնելու վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը նախատեսել որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք: Բացի այդ` առաջարկվում է նաեւ, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու եզրակացություն ստանալու համար բոլոր դեպքերում դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին` հնարավոր բացթողումները կանխելու համար:
Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն` ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Քննարկվեց նաեւ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հարցը եւ ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքով սահմանաված մի շարք իրավահարաբերությունների հստակեցմամբ, որոնք ի հայտ են եկել օրենքի կիրառման ընթացքում: Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են նորմեր, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս` կապված առավելագույն դասային աստիճանների շնորհման ժամկետների, քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունեցող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի կողմից կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակման, փաստաթղթային ատեստավորման եւ այլ գործընթացների կազմակերպման հետ:
Հանձնաժողովի անդամները հիմնական զեկուցողին առաջարկեցին փաթեթը համալրել մի շարք առաջարկներով եւ լրամշակել այն:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված որոշակի դրույթներ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու եւ դրա ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելուն:
Պատգամավորներին ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումը ծանր վիճակում հայտնված սիրիահայերի համար խնդրահարույց է դարձել:
Հայրենիք վերադարձող, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Հայաստան մուքտի վիզա՝ հիմնականում 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, եւ հաշվի առնելով, որ հայրենիք վերադարձածները շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաեւ կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն:
Նախագծով պետական տուրքի մասով արտոնություն է սահմանվում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ ազատելով նրանց ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից:
Հարցը համարելով հրատապ՝ օրենքի նախագծի քննարկման համար գլխադասային նշանակված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեց նախագծին` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար եւ առաջարկեց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Տաճատ Վարդապետյանի նախագահությամբ քննարկեց «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Կարմիր գրքերում գրանցված Հայաստանի կենդանիների եւ բույսերի ոչնչացման (վնասման) արդյունքում պատճառված վնասի հատուցման հաշվարկման եւ գանձման իրավահարաբերությունները:
Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Պատգամավորները դրական եզրակացություն տվեցին հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը` թմրամոլությամբ հիվանդ անձանց համար առանձին տեuակների մաuնագիտական եւ առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեության ցանկը ուժը կորցրած ճանաչել: Նախարարը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունման արդյունքում թմրամոլությամբ հիվանդ անձանց մասնագիտական եւ առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ կապված հարցերը կկանոնակարգվեն ոչ թե առանձին ցանկում ընդգրկված անձանց համար, այլ կկանոնակարգվեն «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի հոդված 41-ի 2-րդ մասով սահմանված դրույթներով, ըստ որոնց` քաղաքացիների առողջության, նրանց իրավունքների եւ oրինական շահերի պաշտպանության, երկրի պաշտպանության ապահովման եւ անվտանգության նպատակով նշված մարմինների պաշտոնատար անձինք եւ իրավաբանական անձանց ղեկավարները, oրենuդրությամբ uահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող անձանց կազատեն մաuնագիտական ցանկացած տիպի գործունեության եւ առավել վտանգի աղբյուրի հետ կապված աշխատանքի կատարումից:
Հանձնաժողովը օրինագծին տվեց դրական եզրակացություն` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Պատգամավորները դրական եզրակացություն տվեցին հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: