Լուրեր

ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը

28.09.2012

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը: Կարեւորելով միջազգային այս հեղինակավոր կառույցի գործունեությունը Հայաստանում, Էդուարդ Շարմազանովն ընթերցեց ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը.

«Հարգելի տիկին Գեռչեւա,

Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայության քսանամյակը: ՄԱԿ-ի հռչակած գաղափարները` հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ժողովրդավարություն, կայուն զարգացում, այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: Ընդհակառակը, ձեռք են բերել նոր որակ եւ իմաստ: Դրանք դարձել են Հայաստանի Հանրապետության պետական գաղափարախոսության անբաժանելի մասը:

Անցած քսան տարիների ընթացքում ՄԱԿ-ը եղել է Հայաստանի Հանրապետության հուսալի գործընկերը: Իր հերթին Հայաստանը, հավատարիմ լինելով ՄԱԿ-ի դավանած արժեքներին, զգացել է կազմակերպության եւ նրա գործակալությունների մշտական աջակցությունը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի օգնությամբ Հայաստանի իշխանությունները հաջողություններ են գրանցել երկրի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, կառավարման ու բնապահպանական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Գրասենյակը իրականացրել է բազում ծրագրեր, որոնց շնորհիվ էապես բարելավվել է վիճակը առողջապահության, կրթության, ժողովրդավարական բարեփոխումների եւ այլ ոլորտներում:

Կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում երկրի բոլոր մարզերում նկատվում է սոցիալական վիճակի բարելավում եւ հասարակության ակտիվ ներգրավում երկրում ընթացող գործընթացներին:

Հայաստանը կարեւորում է Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերի, մարդու իրավունքների խրախուսման, օրենքի գերակայության ապահովման հարցերում:

Հայաստանի իշխանությունները հաստատակամ են էլ ավելի ամրապնդել եւ խորացնել ժողովրդավարությունը մեր երկրում եւ այդ գործում, ի թիվս այլ միջազգային կառույցների, իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի Միավորված ազգերի կազմակերպությունը»:

← Վերադառնալ ցուցակին