Լուրեր
Կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին
27.09.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է բյուջեի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք «ՀՀ 2013 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Մասնավորապես, հավանության են արժանացել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թ. տարեկան ծրագրերի և միջոցառումների ցանկերի, 2013 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերի, 2013 թ. ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման, Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան և պետական ծրագրերի նախագծերը։
Ի նպաստ սոցիալական ծրագրերի իրականացման
ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում սոցիալական բնակարանային ֆոնդ ձևավորելու մասին» որոշում, որի համաձայն քաղաքի նախկին տեխնիկումի հանրակացարանի շենքում, վթարային պայմաններում բնակվող 19 ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով հատկացվել է 75 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ բարելավվել են Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի 4-րդ կարգի վթարային անհատական տների 7 ընտանիքների բնակարանային պայմանները։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց համաձայն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման ժամանակ կիրառվելու է նույն ընթացակարգը, ինչ ընտանեկան նպաստի իրավունքի ժամանակ, այն է` գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և սոցիալական աջակցության խորհրդի ներկայացուցիչներից կազմված խումբը կատարելու է տնային այցելություն, արձանագրելու է արդյունքը և դրա հիման վրա որոշում է կայացնելու։ Այսպիսով, կհեշտանա նպաստի իրավունքի իրացումը` անկախ մինչև երկու տարեկան երեխայի` իր բնակության վայրում գտնվելու հանգամանքից։
Կառավարության որոշմամբ Մալաթիա-Սեբաստիայի, Շենգավիթի, Նոր Նորքի, Հրազդանի և Մեղրու ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների համար ստեղծվել են բավարար աշխատանքային պայմաններ և միասնական ընդունարաններ։
Գործադիրը փոփոխություններ է կատարել 2012 թ. պետբյուջեի և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում` ուժեղացնելով ապաստան հայցողների և փախստականների սոցիալական պաշտպանվածությունը, աջակցելով ՀՀ քաղաքացիության ձեռքբերմանը և հասարակությանն ինտեգրմանը։
ՀՀ կառավարությունն ընդունել է գույք հանձնելու և նվիրաբերելու որոշում, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի 10 կազմակերպություն (գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ) կունենա անհրաժեշտ սարքավորում և տեխնիկա, 8 համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվ կապահովվի գյուղատնտեսական տեխնիկայով, էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 8 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը և կբարձրանա գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոնի կանոնադրական գործունեության արդյունավետությունը։
Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան` 2008-2011 թթ.)։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների բարելավման, ինչպես նաև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրերի 3-րդ փոփոխությունների ստորագրման առաջարկությանը։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունն Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան և Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը մտցրել է միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը, որոնցից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում։
Մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի
Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ 300 մլն դրամ։ Մայրաքաղաքում այժմ կա ջեռուցման համակարգով չապահովված կամ մասամբ ապահովված 36 դպրոց։ Նախորդ երկու տարվա ընթացքում լուծվել է Երևանի բոլոր նախադպրոցական հաստատությունների ջեռուցման հարցը, այժմ իրականացվում է արվեստի և երաժշտական որոշ դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման սարքավորումների տեղադրումը։
ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է ՀՀ անունից «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, որից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը։ Դրա իրականացմամբ մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակֆոնդը, որի փոխարեն կառուցվելու են բազմագործառնական միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ։
Կառավարությունը որոշում է ընդունել «Երևան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին»` լուծելով երկու խնդիր` ա) գերակա հանրային շահ ճանաչված տարածքում չիրացված գույքի մասով վերացնել այդ իրավական ռեժիմը` սեփականատերերին հնարավորություն տալով իրենց գույքը տնօրինել ընդհանուր հիմունքով, բ) իրացված, սակայն չքանդած տների մասով սեփականության իրավունքը ձեռք բերողից վերադարձնել բնակիչներին։
ՀՀ կառավարության որոշմամբ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոմոբիլային ճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածը և դեպի Բագարան տանող 200 գծամետր իջատեղին, որոնք վնասվել են հորդառատ անձրևից և այլ բնածին երևույթներից, նորոգելու համար հատկացվել է 238 մլն դրամ։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է ՀՀ ազգային վիճծառայության Արագածոտնի մարզային գործակալության Թալին քաղաքում գտնվող տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում» ՀԿ-ին։
Հողերը հաշվառվում են տարին մեկ անգամ
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ 2012 թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ,
- «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կարիքների համար գնումների բազային միավորի 350-ապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները,
- գրադարանների խորհրդի աշխատակարգը և գրադարանների խորհրդի կազմը,
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային հաշվի միջոցների 2012 թ. նախահաշիվը,
- ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը,
- «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության գծով 2012 թ. երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. ընտրությանը համամասնական ընտրակարգով երեք և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել 35 հազար դրամ։ Նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի դրույթները, որոնց համաձայն նախատեսվում է հինգ տարում առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը և ապահովել նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակ։
Նիստում հավանություն է տրվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն արտոնագրային վճար վճարող բոլոր սուբյեկտների համար արտոնագրային վճարների կատարման միասնական պարբերականություն սահմանելը և արտոնագրային վճարների համակարգի կիրառության շրջանակն ընդլայնելն է։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում ու ևս մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որն ընդունվելու դեպքում ՀՀ օրենսդիր, գործադիր (հանրապետական) և դատական իշխանության մարմիններում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը կկարգավորվեն այնպես, որ եկամտային հարկով հարկվելուց հետո կպահպանվի աշխատավարձի նախկին մակարդակը, որը տրվում էր մինչև «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը։
Գործադիրի հավանությունն է ստացել «Եկամտային հարկի մասին» ու ևս երեք օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի կարգավորման առարկան զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարարական ծառայության աշխատողների ծառայության հետ կապված եկամուտներն են։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Առաջարկվող իրավական ակտերի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի մոտ ս.թ. սեպտեմբերի 25-ին խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքում ընդունված որոշումից, ըստ որի ՀՀ-ում գործող խաղատների Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր տեղափոխելու ժամկետն առաջարկվել է երկարաձգել մինչև 2014 թ. հունվարի 1-ը` գործող ժամկետի` 2013 թ. հունվարի 1-ի փոխարեն։
Կառավարության հավանությունն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով կկարգավորվի ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև կապահովվի այդ երիտասարդների վերադարձը հայրենիք։
Կառավարությունը քննության է առել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են քվեարկության օրը պետական կառավարմանը մասնակցելու առումով հավասար հնարավորություններ ստեղծել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների համար։ Գործադիրը դեմ է արտահայտվել օրինագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Գործադիրը քննարկել է նաև «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունը, հաշվի առնելով օրինագծի թեր և դեմ կողմերը, նպատակահարմար չի համարել դրա ընդունումը։ Նիստում բացասական եզրակացություն է տրվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը սահմանել է ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունն ստուգելու նպատակով թեստավորում անցնելու կարգը։
ՀՀ կառավարության որոշմամբ հինգական տարի ժամկետով երկարաձգվել են Երևանի «Նեյտրոն ԳԱՄ» և Եղվարդի «65 ռազմական գործարան» ՓԲԸ-ներին տրված զենքի արտադրության արտոնագրերի գործողության ժամկետները։
Գործադիրը Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի սան, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ Արամ Գալստյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև ուսումնառության ավարտը` 2013 թ. աշնանային զորակոչը։
ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել ս.թ. հոկտեմբերի 5-6-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունենալիք գյուղական համայնքների երկրորդ համաժողովի նախապատրաստման և անցկացման նպատակով։
Կառավարության որոշմամբ «Դիջիթեք-2012» ցուցահանդեսը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 5-ից 7-ը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ տարածքում տեղակայված «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում։
Կառավարությունը որոշել է «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով հատկացնել 8 մլն 200 հազար դրամ։
Նիստի ավարտին կառավարության ղեկավարն անդրադարձել է վերջին ժամանակ քաղաքական որոշ ուժերի կողմից շահարկվող Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հարցին (տե՛ս առանձին)։
Նիստից հետո հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախարարը։ Նա տեղեկացրել է, որ 2013 թ. պետբյուջեում մի քանի միլիարդ դրամ է նախատեսվել, որպեսզի եկամտային հարկին անցնելու դեպքում աշխատակիցների վճարման որևէ խնդիր չառաջանա։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համակարգվող ծրագրի համաձայն բոլոր նախարարություններն իրենց ենթակա ՊՈԱԿ-ների համար, ինչպես նաև մարզերում կատարեն համապատասխան հաշվարկները։
Պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին` նախարարը նշել է, որ այս գործում ռիսկային կարող են լինել հիմնականում փոքր ՊՈԱԿ-ները և ՀՈԱԿ-ները, որոնց հաշվապահներն ուսուցում պետք է անցնեն ըստ հաստատված միջոցառումների ծրագրի։
«Մեզ համար ռիսկային կարող են լինել փոքր սուբյեկտները, - ասել է վարչապետը։ - Անհրաժեշտ է, որպեսզի դրանց հաշվապահները ճշգրիտ ձևակերպումներ տան։ Դա վերաբերում է նաև համայնքներին, մանավանդ փոքր համայնքներին, և այս ամիսների ընթացքում բոլորին պետք է վերապատրաստենք։
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս խնդիրը, որպեսզի հունվարի 1-ից աշխատավարձերի ստացման հետ մենք որևիցե խնդիր չունենանք։ Բոլոր սուբյեկտների համար համապատասխան ֆինանսական միջոցները բյուջեում նախատեսված են, այսինքն` ֆինանսական միջոցների պրոբլեմ մենք չունենք, ուղղակի ճիշտ կազմակերպման խնդիր կա»։