Լուրեր
Երևանի քաղաքապետը շնորհավորել է <<Արծիվ մահապարտների>> հատուկ նշանակության գումարտակի մարտիկներին
27.09.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ <<Արծիվ մահապարտների>> հատուկ նշանակության գումարտակի մարտիկների հետ:Շնորհավորելով <<Արծիվ մահապարտների>> հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար:<<Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր գիտակցաբար գնացին մահվան հանուն հայրենիքի վաղվա օրվա: Մենք նաև գլուխ ենք խոնարհում բոլոր այն ծնողների առջև, ովքեր ծնել ու դաստիարակել են իրական հերոսներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այն ուշադրությունը, որն առկա է զոհված և վետերան ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ, այսուհետ ևս լինելու է շարունակական:ՀՀ ՊՆ <<Արծիվ մահապարտների միություն>> ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միությանն ու ազատամարտիկներին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար. <<Մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Մենք տեր ենք մահապարտի կոչմանը:
Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը հաջողված է և արդյունավետ, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում>>,- նշել է Աստվածատուր Պետրոսյանը:Հանդիպման վերջում <<Արծիվ մահապարտների>> հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ գումարտակի մարտիկները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:<<Արծիվ մահապարտների միություն>> ՀԿ-ն էլ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ <<Արծիվ>> հատուկ նշանակության զորագնդի 20-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է <<Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան>> շքանշանով: Քաղաքապետին շնորհվել է նաև <<Արծիվ մահապարտների միություն>> ՀԿ-ի պատվավոր անդամի կոչում: