Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները

27.09.2012

Սեպտեմբերի 27-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը եւ կատարված ծրագրերը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Արեյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրին հատկացված ֆինանսական միջոցներն ու ծախսման ուղղությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման եւ սահմանված այլ ծախսերի համար հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 163,1 մլն դրամ, միջազգային եւ դոնոր կազմակերպություններից աշխատակազմն ստացել է 66,3 մլն դրամ: Նախատեսված ծրագրերն իրականացվել են 98,5 տոկոսով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաշվետու տարում քաղաքացիներից ստացել եւ ուսումնասիրել է 366 բողոք, 2093 քաղաքացի ստացել է իրավաբանական խորհրդատվություն, ստացված ահազանգերի հիման վրա կատարվել են մի շարք այցեր:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2011 թվականին արտաքին գործերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ծախսերի ուղղվածությունը:

ԱԳՆ-ն հաշվետու տարում իրականացրել է 26 ծրագիր, կառավարությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ է հատկացրել նախարարությանը, եւս երկու ծրագիր կատարվել է բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, որոնք իրականացվել են պետական արարողակարգի ծառայության գործակալության միջոցով:

Արտաքին գործերի նախարարության ընդհանուր բյուջեն, ներառյալ լրացուցիչ միջոցները, հաշվետու տարում կազմել են 9 մլրդ 952 մլն դրամ: Կատարողականը կազմել է 99.02%:

Հիմանական ծախսերը ներառված են եղել «արտաքին հարաբերություններ» բյուջետային դասակարգման խմբում, հիմնական ծրագիրը վերաբերել է դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանությանը, որը կազմել է 5 մլրդ 902 մլն դրամ:

Միջազգային կազմակերպություններին անդամակցելու նպատակով տրամադրված 1 մլրդ 280 մլն դրամը եւս ամբողջությամբ ծախսվել է: Նախարարության աշխատակազմի պահպանման նպատակով նախատեսված 871 մլն դրամը օգտագործվել է 99,9%-ով: Արտասահմանում առեւտրային ներկայացուցչությունների պահպանման համար տրամադրված 90,6 մլն դրամը եւս օգտագործվել է ամբողջությամբ:

Պետական արարողակարգի ծառայության գործակալության միջոցով իրականացվել է 278 մլն դրամ ծրագրային ցուցանիշ ունեցող ֆինանսավորում, որի կատարողականը կազմել է 87, 2 %:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին Հայաստանի եվրաինտեգրմանը վերաբերող խնդիրները, ոլորտին 2011 թվականին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

Զեկուցելով ոլորտին տրամադրված միջոցների եւ կատարված ծախսերի մասին՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2011 թ. բյուջեի մասին օրենքով եվրաինտեգրման համար առանձին ծախսային ծրագիր սահմանված չէ: Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնք եվրոպական ընտանիքի հետ համագործակցությամբ իրականացվել են հաշվետու տարվա ընթացքում, մասնավորապես վարկային ծրագրեր եվրոպական տարբեր կառույցների հետ: 2011 թ. բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված է եղել 14.8 մլրդ դրամի ծրագրերի իրականացում, արձանագրվել են կատարման տարբեր տոկոսներ, ընդհանրական ցուցանիշը 60.6 տոկոսն է:

Իրականացվել են նաեւ դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր, որոնց համար նախատեսվել է 7.6 մլրդ դրամ, կատարողականը շուրջ 35 տոկոս է: Հանրապետության գլխավոր գանձապետի խոսքով՝ կատարողականի ցածր տոկոսը պայմանավորված է ծրագրերի առանձնահատկություններով: Եվրամիությունից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 4.5 մլրդ դրամի դրամաշնորհ՝ դատաիրավական եւ կրթական ծրագրերի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Իրականացված ծրագրերի բովանդակային կողմը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Նրա խոսքով՝ 2011 թվականին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների շրջանակը շարունակել է ընդլայնվել, ակտիվացել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունները, զգալի առաջընթաց է արձանագրվել 2010 թ. հուլիսին մեկնարկած Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Փոխնախարարը, անդրադառնալով իրականացված ծրագրերին, խոսեց նաեւ այն մասին, թե ինչ շարունակություն են ունենալու դրանք, եւ պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես երկքաղաքացիության խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մշակման սկզբունքներին, դեսպանատների հետ աշխատանքի կազմակերպմանը:  

← Վերադառնալ ցուցակին