Լուրեր
ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը` ԱԺ-ում
27.09.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեցին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, եւ Հայաստանի խորհրդարանը եւս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է իրականացվող համատեղ աշխատանքներին: «Եւ Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրաինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Կողմերն անդրադարձան նաեւ Եվրամիության եւ նրա համապատասխան կառույցների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործնական ծրագրերի իրականացման խնդրին ` մասնավորապես հաշվի առնելով նրանց կրթական, սոցիալական, մշակութային եւ այլ պահանջմունքները:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի ներգրավումը «CIB» ծրագրին, որը լրացուցիչ օժանդակություն կլինի Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Արտակ Զաքարյանը նշեց, որ Եվրամիությունն իր հայտարարություններով ավելի հասցեական պետք է դարձնի իր վերաբերմունքը հակամարտող կողմերի` տվյալ դեպքում Ադրբեջանի նկատմամբ: Նշվեց, որ Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատվեն ավելի իրական եւ ոչ թե հավասարակշռող հայտարարություններով: Ըստ հանձնաժողովի նախագահի` յուրաքանչյուր հավասարակշռող հայտարարություն Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից եւ շարունակել իր ապակառուցողական ու տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողությունները:
Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ շատ դեպքերում եվրոպական կողմի կիրառած երկակի ստանդարտներն են եղել պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունն այսօր արհամարհի եվրոպական արժեքները: Որպես օրինակ` Նաիրա Զոհրաբյանը նշեց Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստը Բաքվում, որտեղ ի պատասխան Ադրբեջանի նախագահի ֆաշիստական ելույթի` եվրոպական բաղադրիչը, ըստ էության, լուրջ հակադարձում չարեց Ալիեւի ելույթին:
Նա ցավով նշեց, որ վերջին շրջանում ինքը` որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, նկատում է, որ եվրոպական կառույցները հենց իրենք են հետ նահանջում իրենց իսկ դավանած արժեքներից, եւ Ադրբեջանին հաջողվում է իր «խավիարային» դիվանագիտությամբ եւ նավթադոլարներով եվրոպական հեղինակավոր կառույցներում մթնոլորտ փոխել:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Շտեֆան Ֆյուլեն կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանը շատ ակտիվ է բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նրա խոսքերով` Հայաստանը առաջանցիկ տեմպերով մասնակցում է եվրոպական ինտեգրման գործընթացին եւ բարեփոխումներն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ: ԵՄ հանձնակատարը Ասոցիացման համաձայնագրի բանակցային գործընթացը գնահատեց բավականին խոստումնալից: Նրա կարծիքով` Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի վարած բարեփոխումային քաղաքականությունը բավականին հաջողված է եւ պարբերաբար արժանանում է Եվրամիության կառույցների գնահատանքին: