Լուրեր

ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ ծրագրերը միտված են լինելու միջին խավի ձևավորմանը

26.09.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլըրդին: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները գործակալության հետ և արձանագրել. «Մեր պարտքն ենք համարում ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն և խորանան, քանի որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների կարևորագույն խնդիրներից է միջին խավի ձևավորումը, քաղաքացիական հասարակության կայացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության հիմքը միջին խավն է, մարդիկ, ովքեր իրենց տնտեսական գործունեությամբ են պայմանավորում իրենց ապագան և բարեկեցությունը:
Վարչապետը կոչ է արել Քերըն Հիլըրդիին ԱՄՆ ՄԶԳ բոլոր ծրագրերն ուղղել այս նպատակին, առարկայորեն նպաստել նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել կառավարության ղեկավարի դիտարկումները և հավաստիացրել, որ իրենց ծրագրերը միտված են հենց այդ նպատակներին: Քերըն Հիլըրդին վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետորեն: Վերջինս նշել է նաև, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու մրցունակության աճին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, առողջապահական ոլորտի և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը միտված ծրագրերի իրագործումը:

← Վերադառնալ ցուցակին