Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
26.09.2012
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:
Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց գործակալության գործունեւությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը զարգացել են եւ զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ - ՀՀ ԱԺ համագարծակցությունը եւ կարեւորեց դրա շարունակականությունը` նշելով, որ իր կողմից կանի հնարավորը ծրագրին աջակցելու ուղղությամբ:
Քարեն Հիլիարդը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ նշեց, որ իր նպատակն է ոչ միայն պահպանել առկա համագործակցության մակարդակը, այլ էլ ավելի զարգացնել ու խորացնել այն: Նա նշեց, որ ԱԺ-ի հետ իրականացվելու է փոխգործակցության քառամյա ծրագիր, որն ուղղված է լինելու խորհրդարանի կարողությունների հզորացմանը, մասնավորապես` մշտական հանձնաժողովների:
Հանդիպմանը քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս: