Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է Մարսել քաղաքից ժամանած գործարարների հետ

25.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հոլասյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած պաշտոնական այցի շրջանակում ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում: Հյուրերին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները` Տարոն Մարգարյանն ընդգծել է նաև, որ փոխշահավետ համագործակցության շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց Երևանի ներդրումային ծրագրերում Մարսելի գործարար համայնքի ակտիվ մասնակցությունն է:<<Երևանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարևոր մի սկզբունք, համաձայն որի, մենք բաց և պատրաստակամ ենք ձեզ հետ քննարկելու համագործակցության տարբեր ծրագրեր և իրականացնելու կոնկրետ միջոցառումներ, ինչի արդյունքում մեր երկու քաղաքների միջև կստեղծվեն երկկողմ փոխշահավետ գործարար կապեր: Երևանում այսօր ապահովված է ներդրումային բարենպսատ դաշտ բոլոր ներդրողների համար>>,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հոլասյանը նշել է, որ Մարսելի գործարարները բազմիցս են համոզվել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ:<<Մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք ներդրումային ծրագրերի իրականացման հարցում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում>>,- նշել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:
Մարսելցի գործարարները Երևանում են գտնվում <<Երկրները` մեկ հարկի տակ>> փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս փառատոնը ևս մեկ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու ու համագործակցելու համար:Ողջունելով փառատոնի մտահաղացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է որ այն կրում է ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծի ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին ու կապեր հաստատելու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։
 

← Վերադառնալ ցուցակին