Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումերը

25.09.2012

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական եւ դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ոլորտների ներկայացուցիչները պատգամավորների քննարկմանը ներկայացրին կատարված ծրագրերի ու ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունները:

Հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական մարմինների համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվետու տարում վճարվել են ամբողջությամբ եւ ժամանակին: Առանձին դեպքերում, բյուջետային տեխնիկայով պայմանավորված, առկա տնտեսումներն ուղղվել են պահուստային ֆոնդ, որտեղից ֆինանսավորվել են նոր ծրագրեր:

Նախատեսված ծրագրերը հիմնականում կատարվել են 100 տոկոսով: Որոշ դեպքերում ծրագրի կատարողականը եղել է 100 տոկոսից ավելի, ինչը, ըստ ՀՀ գլխավոր գանձապետի, կատարվել է ի հաշիվ արտաքին աջակցության:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ 2011 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանության եւ այլ ծախսերի նպատակով նախատեսվել է 3 մլրդ 579 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 3 մլրդ 632 մլն դրամ, ծախսերը` 3 մլրդ 625 մլն դրամ, ապահովվել է ծրագրերի 99, 8 տոկոս կատարողական:

«Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանություն» ծրագրով տրամադրվել է 2 մլրդ 657 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,9 տոկոս: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ «Քաղաքական հետազոտություններ եւ հանրային իրազեկման ապահովում» ծրագրին տրամադրվել է համապատասխանաբար 115 եւ 75 մլն դրամ, կատարողականը եղել է 100 տոկոս: Գումարներ են հատկացվել արտասահամանյան գործուղումների եւ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Այս ծրագրերի իրականացման համար համապատասխանաբար հատկացվել է 4 մլն 745 հազար դրամ եւ 49 մլն 58 հազ դրամ: Իրականացվել են նաեւ մյուս ծրագրերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովին ֆինանսական հատկացումների եւ կատարողականի ցուցանիշները, նշեց, որ հաշվետու տարում օրենսդիր մարմնին պետական բյուջեով հատկացվել է 2 մլրդ 972 մլն դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է: Իրականացվել են նախատեսված բոլոր 5 ծրագրերը, կատարողականը կազմել է 99,92 տոկոս: ՀՀ ԱԺ աշխատակազմի պահպանության եւ խորհրդարանականների ծախսերի համար հատկացվել է 2 մլրդ 731 մլն դրամ, փաստացի ծախսվել է 2 մլրդ 730 մլն դրամը: 1 մլրդ 626 մլն դրամ էլ հատկացվել է աշխատավարձերի վճարման հոդվածով:

Երկրորդ` վարչական օբյեկտների շինարարության ծրագրի իրականացման համար հատկացվել է 77 մլն դրամ, որից 2 մլն 910 հազ. դրամը տրվել է նախագծման եւ տեխնիկական հսկողության իրականացման, 2 մլն 200 հազ. դրամ հատկացվել է ԱԺ դահլիճի պատուհանների փոխարինման, իսկ մոտ 72 մլն դրամը ծախսվել է ԱԺ առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման նպատակով: Ծրագիրն իրականացվել է 99 տոկոսով:

ԱԺ աշխատակիցների վերապատրաստման փոքր ծրագիրը եւս հիմնականում իրականացվել է: Միջազգային կազմակերպություններին անդամակցության համար նախատեսվել է 101 մլն դրամ, կատարողականը եղել է 100 տոկոս: 60,8 մլն դրամ հատկացվել է ԱԺ կարողությունների հզորացման ծրագրին, որը եւս ամբողջությամբ կատարվել է:

ՀՀ կառարավության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ շուրջ 35 մլրդ դրամ է նախատեսվել հաշվետու տարում ՀՀ կառավարության աշխատակազմին, որն օգտագործվել է մի շարք խոշոր ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես 27 մլրդ դրամ հատկացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, 3,5 մլրդ դրամ հատկացվել է «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծրագրերին, 3 մլրդ դրամ` այլ ծրագրերի իրականացմանը: Կատարողականը կազմել է 95 տոկոս:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ՍԴ-ի համար նախատեսված բյուջետային միջոցներն օգտագործվել են 99,3 տոկոսով: Նախատեսված որեւէ հոդված չի փոփոխվել, իրականացվել են նախատեսված 3 ծրագրերը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` համակարգին հատկացված ամբողջ գումարն օգտագործվել է: Ծրագրերը հիմնականում իրականացվել են: Հրայր Թովմասյանը նկատեց, որ կապված դատաիրավական բարեփոխումների հետ` փոքր-ինչ ավելի գումար է ծախսվել` ի հաշիվ դրամաշնորհների:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանի ներկայացմանբ` համակարգի պահպանման համար հատկացվել է 4 մլն 638 հազ. դրամ, ծրագրերի իրականացման կատարողականը կազմել է 99,9 տոկոս:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի հաղորդմամբ` կառույցին հատկացվել է 3 մլրդ 13 մլն դրամ, կատարողականը կազմել է 99, 98 տոկոս: 31 մլն խնայվել է, որը վերադարձվել է պետական բյուջե:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի խոսքով` համակարգին հատկացված 251,5 մլն դրամը հիմնականում օգտագործվել է, տնտեսվել է 4 մլն դրամ:

ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 2 ծրագիր, ֆինանսավորումը կազմել է 783 մլն դրամ:

Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակազմի ղեկավար պարոն Ասլիկյանի` հաշվետու տարում համակարգին հատկացվել է 6,2 մլրդ դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 99,1 տոկոս:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը տեղեկացրեց, որ 2011 թվականին համակարգին հատկացվել է 191 մլն 621 հազ. դրամ, ծրագրերը կատարվել են:

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի` համակարգին հատկացվել է 393 մլն 173 հազ դրամ, փաստացի ծախսերը կազմել են 391 մլն 719 հազ. դրամ:

← Վերադառնալ ցուցակին