Լուրեր

Տրանսպորտի, կանաչապատման և սանմաքրման ոլորտներում քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր

24.09.2012

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում:<<Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ տարածքները գտնվում են բարձիթողի վիճակում և ավելորդ անհարմարություններ են ստեղծում: Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցները մեր քաղաքացիների հարմարավետ տեղաշարժի, ինչպես նաև մայրաքաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապահովման նպատակով>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին անդրադառնալով` քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել տեղական եկամուտների ավելացման հնարավորությունների, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմների, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես, հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել նաև <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> կիրարկվող նոր օրենքով ավտոկայանատեղիների համար տեղական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով իրականացվում է ուժեղացված հսկողություն: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նոր ավտոբուսների շահագործման հետ կապված քաղաքապետը հանձնարարել է շարունակել ավտոբուսների վարորդների թափուր աշխատատեղերի և աշխատանքային լրացուցիչ պայմանների մասին ծանուցումը:
<<Մեր համաքաղաքացիները հաճախ բարձրացնում են աշխատատեղերի բացակայության հետ կապված հարցեր: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սանմաքրման և կանաչապատման ձեռնարկություններում, ինչպես նաև ավտոբուսների շահագործումն ապահովելու համար այսօր մենք ունենք պահանջվող մասնագետների թափուր հաստիքներ: Ուստի պետք է ձեռնարկենք համապատասխան բոլոր միջոցները այդ աշխատատեղերի, ինչպես նաև առաջարկվող պայմանների մասին բնակչությանն իրազեկելու համար>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:<<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մեկնարկել են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ավարտական փուլին է մոտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված վերգետնյա 7 հետիոտնային անցումների կառուցումը:
Քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից գույքահարկի հետ կապված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ կընդլայնվեն <<Մեկ պատուհան>> համակարգի ծառայությունները:
Մետրոյի <<Հանրապետության հրապարակ>> և <<Գարեգին Նժդեհ>> կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիվ և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառույցների և քաղաքացիների մասնակցությունը:
Շարունակվում է <<Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում>> նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ:
Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի առաջնություններ:

← Վերադառնալ ցուցակին