Լուրեր

Հ. Աբրահամյանը` եվրոպական խորհրդարանների ղեկավարներին. Ռասիզմի դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան

22.09.2012

Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` «Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին» թեմայով:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ:
Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է Սաֆորովի արտահանձմանն ու ներմանը, ընդգծելով, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռևս առկա է անհանդուրժողականության ու ռասիզմի խրախուսումը:

«Ընդամենը վերջերս տեղի ունեցավ մի աննախադեպ դեպք, երբ էթնիկ ատելության հողի վրա դաժան սպանություն կատարած և ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջանին, ազատ արձակվեց և հերոսացվեց Ադրբեջանի ռեժիմի կողմից:

Անգամ այն բանից հետո, երբ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց այդ երևույթը, Ադրբեջանում նոր թափ ստացավ նման հանցագործությունների արդարացման գործընթացը: Բավական է բացել Ադրբեջանի նախագահի կայքը և դուք կտեսնեք երկրի բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների ելույթները` ի պաշտպանություն նման հանցագործությունների:

Ռասիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները կարող են վարակիչ լինել: Դա միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրը չէ: Ռասիզմն այսօր, ցավոք, ունի պարարտ հիմք և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան:
Եվրոպան պետք է ի զորու լինի համարժեք և աներկբա կերպով արձագանքել մեզ նետած այս մարտահրավերին»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին