Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը
22.09.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ֆրանսահայ գործարար Սերժ Չուրուկին և նրա հետ Հայաստան ժամանած ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ամենատարբեր՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարական աշխատանքների և արտադրանքի, արդյունաբերության, առևտրային խոշոր կենտրոնների կառուցման ու շահագործման և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հեղինակավոր գործարարներ, ովքեր Ֆրանսիայի տնտեսական և քաղաքական կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում:
Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ Հայաստանն ունի ջերմ, բարեկամական և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, պայմանավորված է թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ երկու երկրների և ժողովուրդների մտերմության համար յուրօրինակ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ համայնքով: Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը, ըստ Նախագահի, սիրում են Ֆրանսիան, Ֆրանսիայի հարուստ մշակույթն ու արժեհամակարգը:
Նախագահը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին երկկողմ հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, և Հայաստանը շահագրգռված է է՛լ ավելի խորացնելու, ընդլայնելու Ֆրանսիայի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:
Սերժ Չուրուկը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ ինքն ու ճանաչողական այցով Հայաստան ժամանած և արդեն հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջատեղյակ իր ընկերները հենց այդ նպատակով են այցելել Հայաստան: Ֆրանսահայ հեղինակավոր գործարարի հավաստմամբ, իրենք ցանկանում են այցի շրջանակներում տեղում ծանոթանալ Հայաստանի տնտեսությանը, ներդրումային միջավայրին և առկա ծրագրերին, հանդիպումների ժամանակ քննարկել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական նոր ձեռնարկությունների ու ներդրումների ներգրավման հնարավորությունները՝ այդպիսով նպաստելով երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնմանն ու խորացմանը:
Նախագահը ֆրանսիացի գործարարներին ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Եվրամիություն հաջողությամբ զարգացող համագործակցությունը: