Լուրեր

Ստեղծվել է «Դպրոց-կենտրոնների միություն»

22.09.2012

Այսօր` սեպտեմբերի 22-ին, մեկնարկվեց «Դպրոց-կենտորնների միություն» կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտորնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների ղեկավարներ և այլք:
Ռուզաննա Մուրադյանի խոսքերով` վերոնշյալ միության նպատակն է համակարգել Հայաստանում գոյություն ունեցող առաջավոր փորձը, տարածել այն, ինչպես նաև` ուսումնասիրել միջազգային փորձը: Միության աշխատանքների շրջանակն է` մշակել ուսուցչի էթիկայի նորմեր, դպրոցի զարգացման ծրագիր, կազմակերպել ուսուցիչների մարզային և հանրապետական հավաքներ, սեմինարներ:
«Նպատակ ունենք ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ կարող են մասնագետները բարձրացնել իրենց հուզող հարցերը, փորձել միասին լուծումներ գտնել` միմյանց փորձի փոխանակման միջոցով: Դպրոց-կենտրոնները պետք է դառնան նաև ինովացիոն կենտրոններ, փորձեն զարգացնել կրթական բարեփոխումներին ընդառաջ այն գործընթացը, որն ամրագրված է կրթության զարգացման 2011-2015 թթ. ծրագրում»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Բազմիցս խոստովանել եմ, որ չկա գրեթե որևէ կրթական նորամուծություն, որի կապակցությամբ մասնագիտական հանրույթի կարծիքը չտրոհվի: Հայաստանում գործող դպրոցների շրջանակներում մասնագիտական միտքը համախմբելու կարիք ունենք, որպեսզի նախարարության համար հեշտ լինի աշխատելը` իր քաղաքականությունը տեղերում կյանքի կոչելու համար»:
Ըստ նրա` այս միությունը նախարարության հետ համագործակցելու է որպես գործընկեր, որին պատրաստ է որոշակի առաքելություն պատվիրակել` հարթակ հանդիսանալու Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կենտրոնացնելու ու տարածելու համար:
«Այս միությունն իր կարևոր դերակատարությունը կունենա, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկեր ունենալ տեղի ունեցող գործընթացների մասին, հեշտությամբ կարողանանք տարածել փորձը, նախարարության որոշումները ճիշտ հասնեն հասցեատերերին ու անխափան իրականացվեն»,- ասաց Ա. Աշոտյանը: 

← Վերադառնալ ցուցակին