Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

20.09.2012

 Հարգելի՛ տիկնա՛յք և պարոնա՛յք,
Գեներալնե՛ր, սպանե՛ր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի բարձր պարգևներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ:

Այս պարգևները ձեր ազնիվ աշխատանքի և անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաև մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը:

Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ: Պետական բարձր պարգևների և կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարևոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, և թե՛մեր ողջ հասարակությանը։

Իսկ մենք ապացուցելու շատ բան ունենք։ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլև արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչև տնտեսություն, արդարադատությունից մինչև կրթություն, առողջապահություն:

Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին։ Ոմանց այս արտահայտությունը կարող է շատ հավակնոտ թվալ, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժեղ կամ թույլ լինելուց է կախված ոչ միայն մեր կենցաղը, այլև տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կախված են շատ բաներ, որոնք բխում են առանցքային այդ բառից՝ խաղաղություն։

Սիրելի՛ պարգևատրվածներ,

Դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, և հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար։

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի և պարգևատրման առիթներով: Շնորհակալություն ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար և նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ:

Շնորհակալություն:

← Վերադառնալ ցուցակին