Լուրեր

Կանոնակարգվում է գնումների ոլորտը

20.09.2012

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն իր 2011 թ. փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակաուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հիմք ընդունելով այդ որոշումը, գործադիրը հաստատել է «Պետություն-մասնավոր գործընկերության» (ՊՄԳ) ծրագրի գնահատման և հաստատման կարգը։ Փաստաթղթով սահմանվում են նախքան գնումների գործընթացն սկսելը ՊՄԳ ծրագրի և գնումների գործընթացի իրականացմամբ մասնավոր գործընկերոջ ընտրությունից հետո ՊՄԳ ծրագրի գնահատման ու հաստատման կարգը և չափանիշները։ Որոշման նպատակն է բարենպաստ իրավական դաշտ ստեղծել ՊՄԳ-ների համար` պետություն-մասնավոր համագործակցությունը որակական ավելի բարձր փուլ տեղափոխելու, այդ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ՊՄԳ-ների ամբողջ ներուժը օգտագործելու միջոցով։
Նիստում հատուկ անդրադարձ է եղել գնումների բնագավառում բացահայտված թերություններին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով դրանց վերաբերյալ պարզաբանում են տվել ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ քաղաքաշինության նախարարը (նշված նյութերը կայքում տեղադրվել են առանձին)։


Հերթական անգամ մեղմացվում է բնական գազի սակագինը

Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին 171 մլն 101 հազար 280 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Ավելի վաղ ընդունված որոշմամբ անապահով ընտանիքներից յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր գազի վճարը գանձվում է հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100 հազար դրամի չափով։ 1000 խոր. մետրի համար 32 հազար դրամ կազմող գնի տարբերության գումարը (յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր գազի համար) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների շահույթի հաշվին։


Պարգևատրվում են արժանավորները

2012 թ. Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու, ինչպես նաև թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ։
Արդեն 12-րդ տարին է, ինչ անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողներին կառավարությունը պարգևատրում է ավտոմեքենայով։ Այս տարվա հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենա նվիրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 11 մլն 900 հազար դրամ։
Կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակի հարակից տարածքում 360 քմ մակերեսով և 14 մլն 40 հազար ՀՀ դրամով հողամասը նվիրաբերելու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին։ Որոշման ընդունումը պայմանավորված է անվանի գրողի տուն-թանգարանը կառուցելու անհրաժեշտությամբ։
Գործադիրն իր որոշմամբ գումարներ է հատկացրել 2012 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 21-ամյակին նվիրված տոնական համերգի, ինչպես նաև Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման համար։

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որը կնպաստի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։
Կառավարության հավանությունն է ստացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» մի շարք այլ փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունմամբ հնարավորինս կնվազեն առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու վերաբերյալ իրավախախտման դեպքերը։
Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Հավաստելով, որ նվազագույն աշխատավարձի առաջարկվող բարձրացումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, կառավարությունը միաժամանակ եզրակացնում է, որ նվազագույն աշխատավարձի մեծությունը և կիրարկման ժամկետը լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։ Նիստում քննարկվել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Իր պարզաբանումները ներկայացնելով օրենքի նախագծի տեղեկանք-հիմնավորման վերաբերյալ, կառավարությունը նպատակահարմար է համարում հանքարդյունահանման ոլորտի հարկման համակարգի առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ ներդրված հարկման համակարգի կիրառման առաջին արդյունքների (2012 թ. արդյունքով` 2013 թվականին) վերլուծության հիման վրա, և դեմ է արտահայտվում ներկայացված օրինագծի ընդունմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունը որոշել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքի երկու նախագիծ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։


Կպարզեցվի վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը

Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` գործադիրը հնարավորինս պարզեցրել, թափանցիկ է դարձրել վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու, վկայական տալու գործընթացը։
Որոշման համաձայն քաղաքացին այլևս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը հանձնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին։ Վարորդական վկայական ունեցող անձը որևէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլևս չի հանձնելու տեսական քննություն։ Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վկայական փոխանակելիս, կորած վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր։ Որոշման համաձայն գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում։ Վերացվում են նաև մի շարք այլ պահանջներ, ինչի շնորհիվ վկայական ստանալու գործընթացը կդառնա առավել թափանցիկ։
1981 թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորություններն ապահովելու նպատակով և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` կառավարությունը կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմիններ է նշանակել ՀՀ ԿԱ ոստիկանությունը և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն և լրացումներ` կառավարությունը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելու համար ՀՀ ԿԱ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից տեղեկատվության ստացումը։ Դրա անհրաժեշտությունն առաջանում է ինչպես ֆինանսական հաստատությունների արտոնագրման, դրանց ղեկավարների գրանցման, այնպես էլ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրականացվող համագործակցության ընթացքում։


Կանոնակարգվում են առողջապահության բնագավառի բիզնես գործընթացները

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկը շարադրել է նոր խմբագրությամբ, ինչի անհրաժեշտությունը թելադրված է առողջապահության բնագավառում իրականացվող բիզնես գործընթացներով։ Մասնավորապես, սահմանվում են Հայաստանում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ արտոնագրման կարգերը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, որով ակնկալվում է հնարավորինս կանոնակարգել նշված հետազոտությունների իրականացումը։


Այլ որոշումներ

2013 թ. սեպտեմբերի 24-29-ը Աստանայում կայանալիք «Երիտասարդների ավյունը» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 7 մլն դրամ (մասնակիցների կեցության ծախսը հոգում են կազմակերպիչները)։ Դելփյան խաղերն անցկացվում են սկսած 2002 թվականից։ Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին և թիմային հաշվարկով զբաղեցրել պատվավոր տեղեր։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «2009 թ. նոյեմբերի 20-ի Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Այն թելադրված է 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նոր խմբագրությամբ։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էկվադորի Հանրապետության կառավարությունների միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարությունն իր նիստում ընդունել է Շիրակի մարզի Գոգհովիտի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։

← Վերադառնալ ցուցակին