Լուրեր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

20.09.2012

 ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացումը պայմանավորված է հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով իրականացնելու անհրաժեշտությամբ: Նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը եւ ներգրավվածությանը հասարակության կյանքին, նրանց հիմնարար, մասնավորապես տեղեկատվության եւ կրթության իրավունքների պաշտպանությանը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը եւս ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս այն անվանեց անկյունաքարային, հեղափոխական նախաձեռնություն ոչ միան Հայաստանի կրթության ոլորտում, այլեւ ողջ ԱՊՀ տարածքում: Նախաձեռնության նպատակն է ապահովել երեխայի՝ անհատական տարբերություններից եւ հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորումը, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը: Քվեարկության արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց փաթեթը նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, սակայն որոշեց անցկացնել նաեւ խորհրդարանական լսումներ:

Նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ նաեւ «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կրթության պետական տեսչությանը կրթության բնագավառի պետական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալ ոչ միայն հանրակրթական եւ նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, այլեւ միջին եւ բարձրագույն մասնագիտական ոլորտներում:

Հանձնաժողովը քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է ռազմական կրթական ծրագրերի, ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման անհրաժեշտությանը:

Հանձաժողովի անդամներն ի գիտություն ընդունեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդումը՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի զեկուզմամբ, եւ Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը հաստատեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը:

← Վերադառնալ ցուցակին