Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին

19.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, ով Հանրապետության նախագահի հետ այսօր ներկա է գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին:

ՀՀ նախագահը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաև այսօր անցկացված համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակից: Հանրապետության նախագահի խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարի այցը հատկապես ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակի այս տարում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման ևս մեկ հաստատումն է:

Նախարար Անատոլի Սերդյուկովը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի նախօրեին տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մաղթել խաղաղություն և բարօրություն:

Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են:

← Վերադառնալ ցուցակին