Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայցեր է կատարել Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում

18.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում` մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30 մանկական սեղան, 150 աթոռակ և 60 մահճակալ: Նախակրթարանը Նուբարաշեն վարչական շրջանի միակ մանկապարտեզն է այսօր և հնարավորություն է ընձեռում շուրջ 200 երեխաների նախադպրոցական կրթության ու դաստիարակության հարցերը հոգալու համար:Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:Օգտվելով առիթից, երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների նորոգման և հիմնանորոգման հարցը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների շարքում է, և ծրագրերն էլ լինելու են շարունակական:<<Երևան քաղաքի այս տարվա բյուջեով մենք մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ իրականացրել ենք բոլոր 12 վարչական շրջաններում: Այս գործընթացը լինելու է շարունակական, և մենք փորձելու ենք առաջիկա տարիների ընթացքում լուծել բոլոր այն մանկապարտեզների խնդիրը, որոնք հիմնանորոգման կարիք ունեն: Ընթացիկ ծրագրերում մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու նաև մանկապարտեզների գույքի թարմացման խնդրին, և արդեն 2013թ. բյուջեում հաշվի կառնվի այդ հանգամանքը ևս>>,- նշել է Երևանի քաղաքապետը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ այս տարվա ձմռանը մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները կջեռուցվեն:Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում, որտեղ ծանոթացել է Այվազովսկու փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով շուրջ 2,5 կմ երկարություն ունեցող ճանապարհի երթևեկելի գոտու հիմնանորոգմանը զուգահեռ ամբողջովին բարեկարգվում են նաև մայթերը, թարմացվում եզրաքարերը:Վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ արդեն ավարտվել է Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել վարչական շրջանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը:
 

← Վերադառնալ ցուցակին