Լուրեր

Մայրաքաղաքում շարունակվում են հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները

18.09.2012

Մայրաքաղաքում մաքրություն ապահովելու, ինչպես նաև պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների ու հայտարարությունների տարածման անընդունելի ձևերից խուսափելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բանուկ հատվածներում շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները:

 

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծելով, որ նման ցուցատախտակների տեղադրումը ծառայում է իր նպատակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավելացնել դրանց քանակը. <<Բոլոր վարչական շրջաններում ուսումնասիրեք տարածքները և առանձնացրեք այն վայրերը, որտեղ հնարավոր է տեղադրել նման ցուցատախտակներ և սեղմ ժամկետներում իրականացրեք այդ աշխատանքները>>,- նշել է քաղաքապետը` հանձնարարելով նաև շարունակել բազմաբնակարան շենքերի պատերից, հենասյուներից ու հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերից հայտարարությունների և այլ պաստառների մաքրման աշխատանքները:
Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ապամոնտաժվում են նաև խորհրդային տարիներից մնացած ոչ արդիական ու ոչ պիտանի գովազդները:

 

Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը` քաղաքապետը հանձնարարել է ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն: Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել երթուղի դուրս բերվող մեքենաքանակին և խստորեն վերահսկել, որպեսզի հասարակական տրանսպորտը կանգառ կատարի միայն նախատեսված կանգառագոտիներում:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանգառագոտիներում եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման պիլոտային ծրագիրը, համաձայն որի առաջիկայում մայրաքաղաքի բնակիչները կանգառներում հնարավորություն կստանան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:

 

Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային և բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:
Զեկուցվել է նաև, որ այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 7 նոր անցումներից 5-ն արդեն շահագործվում է և ապահովված է գիշերային լուսավորությամբ: Քաղաքապետը հանձնարարել է էլեկտրական սնուցման հաղորդալարերի անցկացումն ապահովել բացառապես ստորգետնյա եղանակով:
Մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում շարունակվում է WiFi կապի ընդլայնման ծրագիրը: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մարդաշատ այլ վայրերում ևս նման կապ ապահովելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հավանությանն արժանացած արձանների հանդիսավոր բացման արարողությունները կազմակերպել Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում:
Հանձնարարվել է նաև ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ ապահովել մայրաքաղաքի տոնական տեսքը:
 

← Վերադառնալ ցուցակին