Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությանը

18.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը նվիրված ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդլայնված ընդհանուր ժողովին:

Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2012թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Յան Էյնաստոյին և Իգոր Նովիկովին. Տարտուի աստղադիտարանի կողմից առաջադրված պրոֆեսոր Յան Էյնաստոն մրցանակին արժանացել է «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար», իսկ Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի կողմից առաջադրված պրոֆեսոր Իգոր Նովիկովը (Տիեզերական աստղագիտության կենտրոն, Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստան)՝ «Ջերմ Տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»: Հանձնաժողովի նախագահն իր ելույթում նշել է, որ 2012թ. մրցանակի համար հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 12 առաջադրում: Վերոնշյալ երկու գիտնականների ընտրությունը կատարվել է ներկայացված բոլոր աշխատանքների ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացած ականավոր գիտնականներին և հանձնել մրցանակները:

← Վերադառնալ ցուցակին