Լուրեր
Քննարկվել են ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները
18.09.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի հաջող ընթացքի կապակցությամբ. «Կարևոր է, որ մենք ամբողջությամբ կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր է, քան ծրագրել էինք, գնաճը գտնվում է ծրագրված, նույնիսկ մի քիչ ցածր գնաճային ցուցանիշի ներքո, տնտեսական աճն ավելի շատ է, քան պլանավորել էինք»:
Մարկ Հորթոնը ՀՀ վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ: «Այս առաքելությունը երկու նպատակ էր հետապնդում` քննարկումներ անցկացնել տնտեսական քաղաքականության վերաբերյալ և իրականացնել մեր ծրագրի 5-րդ` հերթական ամփոփիչ ստուգումը: Դուք շեշտադրեցիք դրական զարգացումները, և մենք համակարծիք ենք: Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել կառավարության և Կենտրոնական բանկի մեր գործընկերներին աշխատանքի համար` հատկապես տնտեսական աճի ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է` հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները տարածաշրջանում և աշխարհում: Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների և ձեր հարևան պետությունների համեմատ: Ի գիտություն ենք ընդունում նաև այն կարևոր հանգամանքը, որ գնաճի ցուցանիշն այս պահին ցածր է»,- ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը: Նա հավելել է, որ թեև մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվել, այդուհանդերձ, դեռ այդ ուղղություններով անելիքներ կան:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումներին: Մասնավորապես, 2013 թ. հունվարի 1-ից ներդրվելու է նոր համակարգ, որի համաձայն տնտեսվարողները պետք է եկամտահարկի բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ֆիզիկական շփումների էական կրճատմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը:
Հանդիպման ընթացքում արծարծվել է նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: