Լուրեր
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստում
18.09.2012
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը:
Նիստին մասնակցում էին Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ պաշտպանության նախարարության, ԱՊՀ ՄԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչներ:
Նիստում նախագահում էր ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի անդամ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը ողջունեց նիստի մասնակիցներին եւ նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք, որից հետո կարդաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Համակարգող խորհրդակցության նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը.
«Համակարգող խորհրդակցության հարգելի մասնակիցներ,
Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Մենք ուրախ ենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը տեղի է ունենում Երեւանում:
Անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ ՀԱՊԿ-ը կարեւոր գործոն է տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով խաղաղության ու կայունության պահպանման գործում: Հայաստանը, իբրեւ հուսալի գործընկերներից ու դաշնակիցներից մեկը ՀԱՊԿ-ում, ցուցաբերում է ամենաակտիվ մասնակցությունը նրա գործունեությանը:
Այժմ, երբ տարածաշրջանում ստեղծվել է խիստ բարդ իրավիճակ, որը հղի է ռազմական հակամարտությամբ, ՀԱՊԿ-ի դերը էլ ավելի է աճում: Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության համար առաջնահերթ խնդիր է կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործումը, որը կփորձարկվի այժմ Հայաստանում անցկացվող արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ժամանակ:
ՀԱՊԿ-ի ներուժի անշեղ աճի պարագայում առանձնապես մեծանում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը, որի շնորհիվ իրականացվում է Կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունների իրավա-նորմատիվ ապահովումը: Համակարգող խորհրդակցության ստեղծումը կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից` ՀԱՊԿ անդամ պետությունների միջխորհրդարանական փոխգործակցության կարեւորության ու արդյունավետության ակնառու վկայությունն է: Ես համոզված եմ, որ Համակարգող խորհրդակցության հիմնադրումը` որպես լրացուցիչ խորհրդարանական մեխանիզմի, դրականորեն կազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վրա:
Հարգելի գործընկերներ,
Ես ցանկանում եմ կրկին ողջունել ձեզ Երեւանում եւ համոզմունք հայտնել, որ ինչպես արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, այնպես էլ Համակարգող խորհրդակցության այսօրվա նիստը կծառայեն անվտանգության եւ կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»:
Համակարգող խորհրդակցության նիստի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով քննարկվեց եւ հաստատվեց նիստի օրակարգը:
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության` համընդհանուր եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա անդրադարձավ աշխարհում եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմանակից տարածքներում ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին, անդամ երկրների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանն ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորեց անցած 20 տարիներին կազմակերպության ամրապնդման, պաշտպանական, ռազմատեխնիկական ենթակառուցվածքների ստեղծման, նորմատիվ-իրավական հիմքի կատարելագործման ուղղությամբ կատարած աշխատանքները, անդրադարձավ կազմակերպության անելիքներին: Մասնավորապես նա անհրաժեշտ համարեց անդամ երկրների ռազմական ուժերի փոխգործակցության արդյունավետության բարձրացումն ու լրացուցիչ հատուկ ուժերի ներգրավումը, բանակային ուժերի արագ ձեւավորումը, խաղաղապահ ուժերի, տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործումն ու կադրերի վերապատրաստումը:
Ելույթից հետո ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Մասնավորապես նիստում նախագահող Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Բորդյուժային սկզբունքային գնահատականների համար, որով նա հանդես էր եկել ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու փաստի առնչությամբ եւ մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների վրա, ինչը տարածաշրջանի ապակայունացման նպատակ է հետապնդում: Նա կոչ արեց Համագործակցության խորհրդակցության անդամներին կոնկրետ միջոցներ ձեռք առնել պատերազմի սպառնալիքը կանխելու համար:
ՀԱՊԿ-ի քարտուղարության տեղեկատվական ծրագրի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վինիդիկտովը ներկայացրեց Կազմակերպության շրջանակներում միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացին` տեղեկացնելով, որ Հայաստանը այս ոլորտում եւս ակտիվ է ու առաջանցիկ: Նա կոչ արեց ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանականներին ակտիվ աշխատանք ծավալել համապատասխան միջազգային պայմանագրերը վավերացնելու ուղղությամբ:
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի` զինված ուժերի համակարգման, պլանավորման, կիրառման ու վերապատրաստման կառույցի ղեկավար Անատոլի Յակովլեւը անդրադարձավ Հայաստանի տարածքում անցկացվող ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների առանձնահատկություններին, նպատակներին ու խնդիրներին: Նրա գնահատմամբ` արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները
կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործման նպատակ ունեն եւ ծառայում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
Կորյուն Նահապետյանի ելույթը վերաբերում էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին եւ պաշտպանության ու անվտանգության ոլորտի ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը:
Բանախոսն անդրադարձավ անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու առկա խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությանը: Ըստ Կորյուն Նահապետյանի` ստեղծված իրավիճակը ստիպում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներին մշտապես պատրաստ լինել` համատեղ ուժերով պաշտպանելու անդամ երկրների անվտանգությունը: Այդ համատեքստում ԱԺ պատգամավորը կարեւորեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններն ու Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Նրա գնահատմամբ` Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, իր ռազմական ու ռազմավարական խնդիրները լուծում է այդ կազմակերպության շրջանակներում, քանզի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից է: Անվտանգության համակարգի ապահովման գործում իր արդյունավետ վերահսկողական գործառույթով կարեւոր դեր է խաղում նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Ընդունելով համապատասխան օրենքներ` ԱԺ-ն ապահովում է վերոնշյալ ոլորտների բնականոն գործունեությունը:
Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներին, օրենսդրական աշխատանքին, վերահսկողական ֆունկցիաներին, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը: Նա կարեւորեց ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի հետ համագործակցությունը մոդելային օրենքների մշակման, օրենսդրության ներդաշնակեցման, ՀԱՊԿ-ի փաստաթղթերի վավերացման գործում: Նշվեց, որ Հայաստանը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 43 միջազգային պայմանագրերից 42-ը: Հատկանշական է նաեւ, որ վերջերս Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում էր «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը:
Կորյուն Նահապետյանի կարծիքով` թեեւ շատ աշխատանքներ են կատարվել, բայց հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու վտանգները, անհրաժեշտ է շատ ավելին անել: Նա համոզմունք հայտնեց, որ նիստին ներկա բոլոր խորհրդարանականներն էլ գիտակցում են խաղաղության ու կայունության ապահովման գործում իրենց ժողովրդի առջեւ ստանձնած պատասխանատվության չափը, ուստի իրենց վերապահված է պատվով կատարել այդ առաքելությունը:
Նիստի վերջում Համակարգող խորհրդակցության ղեկավար Կորյուն Նահապետյանը մասնակիցներին խնդրեց հաջորդ նիստի տեղին ու ժամանակին վերաբերող իրենց առաջարկները ներկայացնել ՀԱՊԿ-ի քարտուղարություն:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստն ավարտեց աշխատանքը: