Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՄՄ գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին
17.09.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին:
Ողջունելով ՀՄՄ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Նախագահն ընդգծել է, որ հեռահաղորդակցության և կապի ոլորտում մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հաջողությունները նաև Հեռահաղորդակցության միջազգային միության և անձամբ պարոն Համադուն Թուրեի հետ համագործակցության արդյունքն են: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համադուն Թուրեի գործունեությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:
ՀՄՄ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է միության աշխատանքներին, և ուրախ է հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի որոշակի առաջընթացի համար: Նա վստահեցրել է Հանրապետության նախագահին, որ ՀՄՄ-ն այսուհետ ևս պատրաստ է աջակցել կազմակերպության անդամ Հայաստանին՝ ոլորտի մասնագետների և փորձագետների պատրաստման գործում, սերտորեն փոխգործակցել անհրաժեշտ այլ հարցերում: Համադուն Թուրեի խոսքով, ինտելեկտուալ մեծ ներուժ ունեցող Հայաստանը հեռահաղորդակցության և կապի ոլորտում զարգացման զգալի հնարավորություններ ու հեռանկար ունի, և ուրախ կլինի այսուհետ ևս ոլորտի հետազոտական, աշխատանքային խմբերի քննարկումներին, հեռահաղորդակցության խնդիրների շուրջ հրավիրվող միջազգային համաժողովներին և կարևոր այլ միջոցառումներին տեսնել Հայաստանի ակտիվ մասնակցությունը:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են ՀՀՄ դերը յուրաքանչյուր պետության և ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի նորարական և հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման միտումներին, առկա խնդիրներին ու դրանց լուծման գործում ՀՄՄ դերին: