Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեվին
14.09.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարևորագույն նախաձեռնություններով:
Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:
Վստահ եմ, որ բոլոր մակարդակներում ինտենսիվ շփումների շարունակությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված բարձր պայմանավորվածությունների իրականացմանը:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին բարօրություն, քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: