Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

13.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով ևս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը:Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանը, իր հասարակական գործունեության շրջանակում առնչվելով տեղական ինքնակառավարման համակարգին, ծանոթ է առկա հիմնախնդիրներին և հստակ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:
<<Վստահ եմ, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով և շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կշարունակի մնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը: Մեզ համար այսօր կարևոր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև վարչական շրջանի զարգացմանն ուղղված ծրագրային քայլերի իրականացման ուղղությամբ: Ակնկալում ենք արդյունավետ և բեղմնավոր աշխատանք>>,- նշել է քաղաքապետը:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ վարչական շրջանի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր կլինեն կարճ ժամանակում լուծել և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ապահովել կայուն զարգացում:
 

← Վերադառնալ ցուցակին