Լուրեր

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

13.09.2012

Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծում ներառված նոր հոդվածները: Օրինագծի համահեղինակ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորների առաջարկները` կապված որոշակի խնդիրների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել քվեարկությունից հետո խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել քննարկում եւ բարձրացված խնդիրներին տալ անհրաժեշտ լուծումներ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Աժ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ խորհրդարանականները շարունակեցին նախորդ օրն ընդհատված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման անհրաժեշտությունը, նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ եւ հետեւողական իրականացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ: Այդ նպատակով աշխատանքներ են իրականացվում շահագրգիռ մարմինների եւ գերատեսչությունների հետ` համապատասխան իրավական ակտերի մշակման եւ դրանք սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու ուղղությամբ: Վարդան Արամյանը նշեց, որ նախատեսվում է երկու տեղեկատվական համակարգերի ստեղծում` մեկը կենտրոնակական դեպոզիտարիատում, մյուսը` պետեկամուտների կոմիտեում: Կենսաթոշակային նոր համակարգի նպատակը, ըստ հիմնական զեկուցողի, այն է, որ պետությունը պատասխանատվություն կրի հանրության սոցիալական վիճակի համար:

Հիմնական զեկուցողին ուղղած հարցերում պատգամավորները ներկայացրին իրենց մտահոգությունները նոր ներդրվող համակարգի վերաբերյալ` մասնավորապես նշելով, թե արդյոք այսօր կուտակած միջոցները տասնամյակներ հետո կծառայեն իրենց նպատակին:

Գլխադասային` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա` կառավարության առաջարկը վերաբերում է ապագայում բարեկեցիկ ապրելու նպատակով քաղաքացու մասնակցությանն ու պետության աջակցությանը: Այս առումով` կարեւոր է, որ կենսաթոշակառուն հասկանա, որ ինքն է աշխատել, ինքն է ստեղծել, ինքն էլ կապրի այդ գումարով:

Հարցի վերաբերյալ ելույթներ ունեցան պատգամավորները: Ըստ ընդդիմադիր պատգամավորների` ներկայացված օրենսդրական փաթեթից առայժմ անհրաժեշտ է հրաժարվել, քանի որ դրանում արտացոլված մոտեցումները չեն նպաստելու երկրի տնտեսության զարգացմանը: Ըստ նրանց` օրենսդրական փաթեթում չկան երաշխիքներ տարիների ընթացքում կուտակվելիք գումարների վերադարձելիության, ինչպես նաեւ` գնաճի փոխհատուցման մասով: Ելույթ ունեցող պատգամավորների կարծիքով` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքների փաթեթն ընդունվել է հապճեպ կարգով, իսկ դրա նպատակը, ինչպես արտահայտվեց Աղվան Վարդանյանը` միանգամից եւ շատ գումարներ հավաքելն է: Հրանտ Բագրատյանի կարծիքով` կուտակային կենսաթոշակային համակարգը չի կարող զարգացնել տնտեսությունը. դրանով միայն «կանաչ ճանապարհ» է բացվելու բանկերի համար:

Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ նորաստեղծ կուտակային կենսաթոշակային համակարգն ի զորու չէ լուծել կենսաթոշակային համակարգում առկա խնդիրները, բացի այդ, չկա երաշխիք, որ ներդրված գումարներն ուղղվելու են տնտեսության զարգացմանը: Ընդդիմադիր պատգամավորները կառավարությանը հորդորեցին հետաձգել փաթեթի քննարկումը:

Քննարկվող օրենսդրական փաթեթի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրեց «ՀԱԿ» խմբակցությունը: Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքներին` խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, թե համակարգի ներդրմամբ հնարավոր չի լինելու ապահովել տնտեսության իրական աճ, բացի այդ` դրանով պակասեցվելու է պետական ու սոցիալական կենսաթոշակների դերը, չեն աշխատելու կուտակային ֆոնդերը: Հրանտ Բագրատյանը ՀԱԿ խմբակցության կողմից ՀՀ կառավարությանն առաջարկեց չեղյալ համարել 2010-11 թվականներին ընդունված կենսաթոշակային համակարգի վերաբերյալ բարեփոխումները, որոնք, ըստ նրա` ժամանակավրեպ են:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանն անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին եւ գնահատականներին, տվեց պարզաբանումներ: Ի պատասխան կենսաթոշակային համակարգի բարեփոխումների օրենսդրական փաթեթի ընդունման հապճեպության վերաբերյալ կարծիքների նա տեղեկացրեց, որ փաթեթը տարբեր մակարդակներում քննարկվել է ինը տարի: Անդրադառնալով տնտեսության զարգացմանը չնպաստելու վերաբերյալ հնչած տեսակետներին` Վարդան Արամյանը նկատեց, որ համակարգի ներդրման առաջին իսկ տարում նախատեսվում է ունենալ խնայողություններ ՀՆԱ-ում, որը հետագայում բարձրանալու է: Ներդրված գումարների վերադարձելությունը երաշխավորվում է. այն նախատեսված 60 տոկոսի փոխարեն ակնկալվում է 90 տոկոս: Վարդան Արամյանը առաջարկեց կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին:

ԱԺ պատգամավորները քննարկեցին Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Կարինե Աճեմյանը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ «Կրթության մասին» օրենքի միջեւ անհամապատասխանությունը վերացնելու եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի հետ ներդաշնակ դարձնելու անհրաժեշտությամբ:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններն իրականացվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, մինչդեռ, թե ում կողմից սահմանված, որ մարմնում եւ ինչ մրցույթային կարգով, ինչ քվեարկությամբ, ում կողմից է հաստատվում ընտրության արդյունքները, քանի տարով եւ քանի անգամ կարող է անընդմեջ ընտրվել բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը, սահմանված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքով, իսկ «Կրթության մասին» օրենքը ընդամենը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում մի շարք պաշտոնների նման ռեկտորի պաշտոնը նույնպես ընտրովի է: Օրինագծով առաջարկվում է հղումը կատարել ոչ թե «Կրթության մասին», այլ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքին:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Կարինե Պողոսյանը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ 2011 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Արձանագրությամբ հստակեցվում է ՀԱՊԿ կանոնադրության 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված` ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին որոշումների ընդունման մեխանիզմը: Կանոնադրությամբ սահմանվում է, որ որոշումներն ընդունվում են անհետաձգելի խորհրդակցությունների անցկացումից հետո: Ըստ արձանագրության դրույթների` Կազմակերպության անդամ պետությունները ընդունում են որոշումներ իրենց տարածքներում Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին` պայմանագրի անդամ այլ պետությունների հետ անհետաձգելի խորհրդակցություններ անցկացնելուց հետո եւ նրանց պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում:

Ներկայացնելով գլխադասային` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ արձանագրության դրույթների ապահովումը կբարձրացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության արդյունավետությունը եւ կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու մեր երկրի անվտանգությանը:

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Նիկոլ Փաշինյանը, թեեւ կարեւորեցին ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, բայց ՀՀ ինքնիշխանության ու սուվերենության սահմանափակման տեսանկյունից անընդունելի համարեցին արձանագրության վավերացումը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի եւ Կորյուն Նահապետյանի կարծիքով` արձանագրությունը բխում է ՀՀ ազգային եւ պետական անվտանգության ռազմավարությունից, տարածաշրջանում ռազմական սպառնալիքները կանխելու անհրաժեշտ միջոց է եւ չի սահմանափակում երկրի ինքնիշխանությունը:

Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի հաջորդ ԱԺ քառօրյա նիստում:  

← Վերադառնալ ցուցակին