Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ

12.09.2012

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանիայի Վայմար քաղաքի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հանդիպման ժամանակ:Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով. <<Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում այսօր աշխատանքներ են տարվում տրանսպորտի ոլորտի կանոնակարգման, կանաչ տարածքների ընդլայնաման, սոցիալական խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով: Նոր ծրագրերի իրականացմանը զուգընթաց, լուրջ խնդիր է դրված նաև պահպանելու Երևանի քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը>>,- ընդգծել է քաղաքապետը:
Կարևորելով երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացումը Վայմարի, ինչպես նաև գերմանական մի շարք քաղաքների հետ, Տարոն Մարգարյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Վայմարի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. <<Երկու օր է, ինչ Երևանում եմ և արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա, արդեն իսկ բավական են հասկանալու, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար>>,- նշել է Վայմարի քաղաքապետը: Շտեֆան Վոլֆը նշել է նաև, որ 2015թ.-ին Վայմարում միջոցառումներ են նախատեսվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված:
Երևան այցի շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր կքննարկվեն նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և Վայմարի ճարտարապետաշինարարական համալսարանի միջև:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

← Վերադառնալ ցուցակին