Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին

12.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:
Ողջունելով և շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և նոր ծրագրերի իրականացման կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երևանի բնակիչների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:<<Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև կան հաջողված համագործակցության օրինակներ, որոնց շրջանակում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Ողջունելի է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի և <<Օրանժ Արմենիա>> ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականացվեց, ինչի արդյունքում Երևանի ավտոբուսների ուղևորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ և նշել է, որ ընկերությունը ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացնել:<<Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն և կզարգանան>>,- նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ զարգացող Երևանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել և օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին