Լուրեր

Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ

11.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարակի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին:Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել ակտիվ:Ի մասնավորի քաղաքապետն առաջարկել է հեծանվասպորտի զարգացմանը զուգընթաց, մարզակառույցի ընձեռած հնարավորությունների տնօրինման հարցում լինել առավել նախաձեռնող ու այն դիտարկել նաև որպես մայրաքաղաքի մարզամշակութային յուրօրինակ կենտրոն` խթանելով ինչպես այլ սպորտաձևերի մրցումների, այնպես էլ մշակութային միջոցառումների անցկացումը:Միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող հեծանվահրապարակն ունի բոլոր նախադրյալները բազմաբնույթ միջոցառումների անցկացման համար, այդ թվում նաև 3200 հադիսատեսի համար նախատեսված նստարաններ:Ի դեպ, հեծանվահրապարակի այցելուների անվտանգ անցուդարձն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով մարզակառույցի հարակից հատվածում արդեն շահագործման է հանձնվել նոր վերգետնյա հետիոտն անցումը:
 

← Վերադառնալ ցուցակին