Լուրեր
Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ
10.09.2012
Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` շախմատիստներին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կազմակերպելու ուղղությամբ:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ Ծիծեռնակաբերդի տարածքում արդեն իսկ ոռոգվել է շուրջ 40 հեկտար տարածք:
Քամիների ժամանակ ծառերի տապալման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել սանիտարական էտման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերը փոխարինել նորերով:
Շինարարական հրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ շարունակվող հսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը, նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ մինչև 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը մայրաքաղաքում նկատելիորեն կնվազի միկրոավտոբուսների քանակը` դրանց փոխարեն շահագործման հանձնելով ներկրված և ներկրվող ավտոբուսները:
<<Մեր քաղաքացիների համար պետք է ապահովենք հարմարավետ ու անվտանգ պայմաններ հասարակական տրանսպորտի սպասարկման ոլորոտում` ապահովելով համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ պահանջների կատարումը>>,- նշել է քաղաքապետը:
Զեկուցվել է նաև, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` արգելելու համար չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը:
Մայրաքաղաքում շարունակվում են կամարանցումների բարեկարգման, պատերի գեղարվեստական ձևավորման և լուսավորության աշխատանքները: Զուգահեռաբար վարչական շրջանների կողմից ներկայացվում են բակային տարածքների այն հասցեները, որտեղ նախատեսված է նկարազարդման աշխատանքներ իրականացնել:
Զեկուցվել է, որ ավարտվել են կենտրոնական փողոցների ցայտաղբյուրների վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն կիրականացվի հատկապես բակային տարածքներում գործող կամ վերագործարկված ցայտաղբյուրների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով:2012 թվականի ծրագրերով նախատեսված ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների վերաբերյալ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ խիստ հսկողություն է իրականացվում փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմանորոգման և փոսալցման աշխատանքների որակի և իրականացման ժամկետների նկատմամբ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանք տանել կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների ուղղությամբ և ծրագիրն ամբողջությամբ ավարտել` ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկ:
Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատկապես պատշաճ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին:
Զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են <<Երևան ջուր>>, <<Երևան գազ>> և <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերությունների ենթակայության շենքերի, բաշխիչ կայանների, գազատար և ջրատար խողովակների ներկման, մաքրման և սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են բազմաբնակարան շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայտարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, նախորդ շաբաթվա ընթացքում տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների երկրորդ խմբաքանակը: Նախորդ շաբաթ իրականացվել է նաև մայրաքաղաքում առկա հին ու ոչ պիտանի մի շարք գովազդների ապամոնտաժում:
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու բազմաբնակարան բնակելի շենքերում առնետների ոչնչացման ուղղությամբ` օգտագործելով նոր դեղամիջոցներ: Այդ ուղղությամբ առողջապահության վարչության աշխատակիցները ՀՀ ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություններ` արտոնագրերի, ինչպես նաև գրավչանյութերի պատրաստման և պահպանման մեթոդներին ծանոթանալու նպատակով: Զուգահեռաբար համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարվել նաև վարչական շրջանների մի շարք բազմաբնակարան շենքերում` համապատասխան ընկերության հետ պայմանագրերի առկայությունը ճշտելու նպատակով:<<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում այգիներում և պուրակներում WiFi համակարգերի տեղադրման ուղղությամբ: Համակարգի ընդլայնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ տնտեսվարողներին և այլ կազմակերպությունների:
Հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ծրագրի և սահմանված ժամանակացույցի համաձայն:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև իրազեկել բնակչությանն ու շահագրգիռ կազմակերպություններին շաբաթ օրը կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքների վերաբերյալ, որին արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու նաև երիտասարդական և բնապահպանական մի շարք կառույցներ ու հասարակական կազմակերպություններ: