Լուրեր

Մի շարք կարևոր խնդիրներ` վարչապետի ուշադրության կենտրոնում

06.09.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյան- Բարև ձեզ հարգելի գործընկերներ, մենք ունենք հիմնական ցուցանիշների ութ ամսվա արդյունքները: Խնդրենք, որպեսզի պարոն Գաբրիելյանը մեզ ներկայացնի բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան- Շնորհակալություն պարոն վարչապետ: Եթե անդրադառնանք բյուջեի կատարողականին, ապա ութ ամիսների ընթացքում պետական բյուջեն ունեցել է 576 մլրդ 156 մլն դրամի եկամուտ, այդ թվում հարկեր, տուրքեր և սոցվճարներ` 552 մլրդ 109 մլն դրամ: Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում են շուրջ 4 միլիարդ դրամով: Միայն օգոստոսին ունենք 390 մլն դրամի հարկերի և տուրքերի գերակատարում` նախանշած ցուցանիշների համամետ: Այս արդյունքները համապատասխանում են մեր տնտեսական ակտիվությանը, այսինքն, չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր:
Պետք է նշել, որ բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի և բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն իրատեսական է և կկատարվի: Ինչ վերաբերվում է ծախսերին, ապա հունվար-օգոստոսին դրանք եղել են 574 մլրդ 148 մլն դրամ, ընդ որում, օգոստոսին` 72 մլրդ 232 մլն դրամ: Այս տեմպերով շարունակելու դեպքում մեզ մոտ դեֆիցիտը կլինի ավելի ցածր, քան պլանավորված էր: Մենք այս պահին ամբողջությամբ ԾԻԳ-ի տվյալները չենք կարող ասել, սակայն մեր կանխատեսումներով` նախատեսված 132 մլրդ դրամից մեր դեֆիցիտը մի քանի տասնյակ միլիարդով տարեվերջին ավելի ցածր կլինի: Այսպիսով, բյուջեի կատարողականի տեսակետից կարող ենք փաստել, որ չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, միևնույն ժամանակ, եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի` մի փոքր գերակատարումով:

Վարչապետ Տիգրան Սարգսյան- Շատ լավ: Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ անդրադառնալ Մրցունակության համաշխարհային զեկույցին, որը հրապարակվեց երեկ: Համաձայն այդ զեկույցի` Հայաստանը զգալի բարելավում է արձանագրել, մասնավորապես, 10 դիրքային կետով ի համեմատ նախորդ տարվա զեկույցի մենք բարելավել ենք մեր դիրքերը: Սակայն, ես կարծում եմ, որ մենք չենք կարող բավարարվել այս ցուցանիշով, որովհետև զեկույցի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք դեռևս ունենք բազմաթիվ խոցելի կետեր և անելիքներ: Միևնույն ժամանակ, զեկույցում կան մեզ համար անհասկանալի գնահատականներ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի հասանելիության վերաբերյալ: Հասկանալի չէ, թե ինչու են զեկույցի հեղինակներն օգտվել 2009 թվականի տվյալների բազայից, այն պարագայում, երբ անցած տարի մենք այս խնդրին անդրադարձանք, և Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնատար անձանց պատժեցինք այն բանի համար, որ նրանք համապատասխան տեղեկատվությունը չէին ներկայացրել, սակայն ինձ զեկուցում են, որ այդ տեղեկատվությունն այս տարի կայքերում տեղադրված է: Այդ ցուցանիշը, որով մենք էապես մեր դիրքերը վատթարացրել ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ օգտագործվել են 2009 թվականի ցուցանիշները: Պարոն Նազարյան կխնդրեմ Ձեզ ներկայացնել, թե ինչպիսին են այդ ոլորտում մեր ցուցանիշները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան- Շնորհակալություն պարոն վարչապետ, ինչպես Դուք նշեցիք, ինձ համար նույնպես անհասկանալի պատճառներով զեկույցում տեղ են գտել այնպիսի թվեր, որոնք չեն համապատասխանում մեր 2011 թվականի ցուցանիշներին: 2011-2012 թվականների Մրցունակության համաշխարհային զեկույցում ունենք տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հետևյալ գնահատականները. կարդում եմ հայաստանյան մասը. Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել շարժական և ինտերնետային կապի ոլորտում: Հեռահաղորդակցության ոլորտի ինտենսիվ մրցակցությամբ պայմանավորված արագընթաց զարգացումները խթանեցին Հայաստանի մրցունակությունն այս բնագավառում: Հեռահաղորդակցության միջազգային միության վերջին հաշվետվությունում Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը դասակարգվում է առավել դինամիկ զարգացողների շարքում: Մասնավորապես, այստեղ աղյուսակ է տպագրված, որտեղ համեմատական է արվում հաղորդակցության ենթակառուցվածքների կատարողականի և փոփոխությունների վերաբերյալ` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև:
Բջջային կապի բաժանորդագրություն 100 բնակչի հետ կապված ցուցանիշում Հայաստանի վարկանիշը 33 է, Ադրբեջանինը` 75, Վրաստանինը` 104: Ինտերնետից օգտվողների ցուցանիշով 100 բնակչի հետ կապված Հայաստանն ունի 68-րդ, Ադրբեջանը` 73-րդ, Վրաստանը` 85-րդ վարկանիշը:
Զեկույցում նշվում է , որ մեր երկիրը բարելավվել է իր դիրքերը ենթակառուցվածքային տարրերի բոլոր ցուցիչներով: Վերջին հինգ տարիներին բջջային կապի բաժանորդների թիվը եռապատկվել է. 2007 թվականի 1,2 միլիոնից հասնելով 3,3 միլիոնի, ինչի արդյունքում զեկույցի կողմից գնահատված երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է 33-րդ տեղը 100 բնակչին ընկնող բջջային կապի բաժանորդների քանակով:
Ինտերնետային ծառայությունների ոլորտում թերևս գրանցվել է աննախադեպ առաջընթաց, մասնավորապես, վերջին չորս տարիների ընթացքում ինտերնետից օգտվողների քանակի քառապատիկ աճ է գրանցվել: Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է: Ինտերնետի օգտագործման մակարդակով Հայաստանն ունի 37 տոկոսի ցուցանիշ, Ադրբեջանը` 36, Վրաստանը` 17, ԱՊՀ միջին երկրները` 29 տոկոս: Մրցակցության և շարժական ինտերնետային ծառայությունների ընդլայնման արդյունքում կտրուկ նվազել են ինտերնետային ծառայությունների մանրածախ գները, իսկ մեծածախ գները 2008-ի 1,2 մլն դրամից հասել է 50 հազարի, այսօր դա կազմում է 15 հազար դրամ:
2011-2012 թվականների զեկույցում գրված է, որ իրենք վերցրել են 2009 թվականի տվյալները: Երեկ և այսօր մենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ աշխատել ենք և ճշտել, որ մեր տրամադրած տվյալները հասել են տեղ, բայց պաշտոնական տեղեկագրում այս ամենն առկա է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնական հարցում է անցկացրել ITU-ին, որպեսզի հասկանանք, թե ինչու են վերցվել մեր 2009 թվականի տվյալները: Եթե վերցնեին 2011-ի տվյալները, ապա ես համոզված եմ, որ մեր այս առաջընթացն ավելի բարձր կլիներ, քան Դուք նշեցիք:

Վարչապետ Տիգրան Սարգսյան- Շատ լավ: Պարոն Բեգլարյան լավ կլինի, որ ծառայողական քննություն սկսեք հասկանալու համար, թե ինչու է միջազգային հաղորդակցության միությունն օգտագործում 2009 թվականի տվյալները, եթե Ձեր նախարարությունը ժամանակին ներկայացրել է տվյալները: Պետք է հասկանանք, որտեղ է այդ թերացումը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան- Արդեն սկսել ենք պարոն վարչապետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյան- Շատ լավ: Հարգելի գործընկերներ, 144 երկրների շարքում մենք 92-րդ տեղից տեղափոխվել ենք 82-րդ տեղը: Հասկանալի է, որ դա մեզ չի կարող բավարարել: Մեր հիմնական թերություններն են տեղական մրցակցության ուժգնության, բիզնես կրթության չափանիշները, մաքսային գործընթացների բեռը, արտասահմանյան շուկաների ինդեքսը, բուհ-արդյունաբերություն համագործակցության ցուցանիշը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, ֆինանսավորում տեղական կապիտալի շուկայի միջոցով ցուցանիշը, գիտահետազոտական հետազոտությունների որակը, ընկերությունների հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերը, դատական համակարգի անկախությունը և կորպորատիվ խորհուրդների արդյունավետությունը: Սրանք հիմնական ամենավատ ցուցանիշներն են և ինչպես նկատեցիք, կարևորագույն ցուցանիշը մրցակցությունն է և մրցունակությունը: Պարոն Շաբոյան ինչ են Ձեր վերլուծությունները ցույց տալիս:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան- Շնորհակալություն պարոն վարչապետ, Մրցունակության համաշխարհային զեկույցում երեք ցուցանիշներ առանձնացվել են մրցակցության ոլորտը բնութագրելու համար: Առաջին ցուցանիշը գերիշխող դիրքերի ազդեցությունն է մրցակցության վրա: Ասեմ, որ այս ցուցանիշի գծով մենք բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել. 43 կետով առաջ ենք գնացել: Երբ համեմատում ենք այլ երկրների հետ, ապա մեր հարևան Վրաստանն 9 կետով ետ է գնացել, Ռուսաստանը`6, ԱՊՀ շատ երկրներ ևս հետընթաց են արձանագրել այս ցուցանիշի գծով: Համեմատելով Արևելյան Եվրոպայի երկրների հետ, ապա շատ երկրներ կրկին հետընթաց են արձանագրել, մասնավորապես, ամենամեծ հետընթացն արձանագրել է Հունգարիան` 29 կետով: Ասեմ, որ 144 երկրների շարքում ամենամեծ աճն արձանագրել ենք մենք, այսինքն` 43 կետով մենք առաջ ենք գնացել:
Երկրորդ ցուցանիշը վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականության ուժեղությանը և հակամենաշնորհային մարմնի գործունեության արդյունավետությանը: Այս ցուցանիշով մենք առաջ ենք գնացել 23 կետով, այն դեպքում, երբ մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը հետընթաց են արձանագրել: Ամենամեծ հետընթացն ԱՊՀ երկրների շարքում գրանցել է Ռուսաստանը, որը 13 կետով հետ է գնացել: Արևելյան Եվրոպայի շատ երկրներ ևս հետընթաց են արձանագրել: Ամենամեծ հետընթացն ունեցել է Ռումինիան` 23 կետով:
Երրորդը ներքին շուկային մրցակցության ինտենսիվության ցուցանիշն է: Պարոն վարչապետ, այս գծով մենք 9 կետով ենք առաջ գնացել: Ճիշտ է, մեր հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանն առաջընթաց ունեցել են, բայց փոքր չափերով: Այսինքն 1 կամ 2 կետով է եղել առաջընթացը:
Ասեմ, որ մրցակցության այս 3 ցուցանիշների գծով նախորդ տարիներին Հայաստանն այս զեկույցում մշտապես հետընթաց է ունեցել: Սա առաջին տարին է, որ այս ցուցանիշների գծով մենք առաջընթաց ենք արձանագրել և ինչպես վիճակագրական ցուցանիշներն են ցույց տալիս` մեր առաջընթացն զգալի է: Պետք է ասեմ, որ այս ուսումնասիրության արդյունքները հիմնվում են հիմնականում հարցման արդյունքների վրա, որոնք անցկացվում են միջազգային կազմակերպությունների կողմից գաղտնի կերպով: Հիմնականում այս հարցումներն իրականացվում են բիզնեսի շրջանակներում:

Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, հարգելի գործընկերներ, իհարկե 10 կետով առաջ գնալը կարևոր հանգամանք է մեզ համար, բայց նորից եմ ցանկանում կրկնել` սա մեզ չի բավարարում: 110 ցուցանիշով գնահատվում է Հայաստանի Հանրապետության մրցունակությունը, այսինքն բոլոր գերատեսչություններն այստեղ անելիքներ ունեն: Հանձնարարվում է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին իրենց ցուցանիշները վերցնել հսկողության տակ: Ինչպիսի միջոցառումներ մենք պետք է իրականացնենք, որպեսզի այդ ցուցանիշները բարելավվեն և Հայաստանում մրցունակությունը բարելավվի: Կան ցուցանիշներ, որտեղ աշխարհի 40 մրցունակ երկրների կազմում ենք, բայց կան նաև ցուցանիշներ, որտեղ ցավոք մենք գտնվում ենք 120-130 տեղերում և դա մեզ համար անընդունելի է: Խնդրում եմ ձեզ, ուշադրության կենտրոնում պահել, թե ինչպիսի միջոցառումներ մենք իրականացնենք, որ բարելավվենք այս ինդեքսը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան- Պարոն վարչապետ, ես մի խնդրանք, առաջարկ ունեմ: Քանի որ ITU ուղարկվող ցուցանիշների մեջ կա մի կետ, որը վերաբերվում է ինտենետից օգտվողների քանակին: Մենք կարողանում ենք մեր գործառույթների շրջանակներում հատկացնել բաժանորդների քանակը, իսկ ինտերնետից օգտվողների քանակը որոշելու համար անհրաժեշտ է որոշակի մեթոդ մշակել և մոտեցում ճշգրտել: Ցանկանում եմ Ձեր հանձնարարականը Տրանսպորտի և կապի նախարարությանը, մեզ և Հայաստանի վիճակագրական ծառայությանը տալ, որպեսզի մոտեցում մշակվի և մենք ավելի հստակ պատկերացում ունենանք:

Վարչապետ Տիգրան Սարգսյան- Շատ լավ, արձանագրային որոշումն այսօր կներկայացվի: Եվ երրորդ հարցը, հարգելի գործընկերներ, սննդի անվտանգության և որակի խնդիրն է: Հիշում եք` մենք այս դահլիճում մեկ անգամ քննարկեցինք այդ հարցը, մասնավորապես, վարչապետի վերահսկողության ծառայությունը ստուգումներ էր իրականացրել սննդամթերքի ոլորտում և բացահայտել էր այնպիսի թերություններ, որոնք ուղղակի անհանդուրժելի էին: Տրվել են համապատասխան հանձնարարականներ սննդի անվտանգության ծառայությանը, որպեսզի այն ձեռնարկությունները, որոնք մատակարարում են մեր սպառողներին վտանգավոր սննունդ` պատժվեն: Եվ այդ բացահայտումները մենք իրականացնում ենք լաբորատոր ստուգումներ իրականացնելով: Եվ մենք տվեցինք ժամանակ տնտեսվարող սուբյեկտներին ` հայտարարելով, որ այն լրանալուց հետո` 2012-ի սեպտեմբերի 1-ից հրապարակելու ենք սննդամթերքի տեսակները և այն ձեռնարկություններին, որոնք մեր սպառողների համար վտանգավոր սննդամթերք են մատակարարում: Եվ մեր սպառողները պետք է իմանան, որոնք են այդ ձեռնարկությունները և որոնք են այդ ապրանքատեսակները: Համեցեք պարոն Բախչագուլյան, առաջին անգամ մենք կարող ենք հրապարակել Ձեր ուսումնասիրության արդյունքները:

Սննդամթերքի անտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրողների մոտ ուսումնասիրություն թե իրացման ցանցում, թե բուն արտադրական գործընթացի ընթացքում: Հում կաթի և պաստերիլիզացված կաթի նմուշներն ուղարկել ենք համապատասխան լաբորատորիաներ և խնդրել իարականացնել փորձաքննություն` սոդայով կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ: Թվով 11 ընկերությունների արտադրած կաթում սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել, որոնք են` «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ըներկությունները: Ներկայում իրականացվում են տեսչական ստուգումներ իմ կողմից թվարկված բոլոր ընկերություններում` պարզելու համար թե սոդայի կեղծվածության գործընթացը որ փուլում է տեղի ունեցե , քանի որ տնտեսվարողները նաև փաստում են, որ սոդայի կեղծվածությունն իրականացնում են ոչ թե իրենք, այլ այն կազմակերպությունները, ովքեր մթերում են իրենց հում կաթը: Սակայն մենք նաև իրականացրել ենք նմուշառում հում կաթից մինչև տեխնոլոգիական գործընթաց անցնելու փուլը և հում կաթում սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել: Ասեմ, որ կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգով պաստերիլիզացված կաթում սոդայի առկայություն չի թույլատրվում, քանի որ սոդան, որպես այդպիսին իջեցնում է կաթի թթվայնությունը և հնարավորություն չի տալիս կաթին այն ժամանակահատվածում, որը նախատեսված է կաթի պահպանման համար, այն փչանա: Այսինքն` դրանով փորձում են թույլ չտալ, որպեսզի այս ամառվա շոգերին թթվի:
Իրականացրել ենք նաև նմուշառում թթվասերի և կաթի փոշու նկատմամբ, լաբորատոր փորձաքննություն: Թվով 3 ընկերություններում հայտնաբերվել է կաթի փոշի, սակայն պետք է նշեմ, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործում թթվասերի մեջ, սակայն պարտադրում է, որպեսզի տնտեսվարողները մակնշեն դրա առկայության վերաբերյալ: Կաթի փոշի հայտնաբերվել է «Անի Թամարայում» և «Դուստր Մարիաննայում», նաև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակնշումը համապատասխանում է իրականությանը և կաթի փոշու վերաբերյալ մակնշում տվյալ ընկերության կողմից արտադրված արտադրանքում առկա է: Կաթի փոշի հայտնաբերվել է նաև «Մուլտի Ագրոյում», որտեղ մակնշումը բացակայում է:
Նաև իրականացրել ենք լաբորատոր փորձաքննություն բուսական յուղի առկայության հետ կապված և «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ի կողմից արտադրված թթվասերում հայտնաբերել ենք բուսական յուղ: Կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը սահմանում է թթվասերի բաղադրությունը, որտեղ բուսական յուղի առկայություն չի թույլատրվում, քանի որ թթվասերը կենդանական ծագման սննդամթերք է, իսկ բուսական յուղի օգտագործումը թույլատրվում է կաթնային արտադրանքում, այլ ոչ թե թթվասերում: Ներկայում իմ թվարկված 7 կազմակերպություններում իրականացվում են տեսչական ստուգումներ` ամբողջ արտադրական գործըթացի վերահսկողության, հումքի մթերման, բաղադրությունների և բաղադրագրերի համապատասխանության գնահատման հետ կապված:
Վարչապետ Տիգրան Սարգսյան -Եթե կաթի փոշով են արտադրում թթվասերը` դա նվազեցնո՞ւմ է ինքնարժեքը:

Սննդամթերքի անտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Պարոն վարչապետ, խնդիրը հետևյալն է` կաթի փոշով արտադրելը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին պահեստավորել կաթի փոշին և իջեցնել կաթի փչացման ռիսկերը: Այսինքն` կաթի փոշին երկար պահպանության ժամկետ ունեցող հումք է, իսկ կաթը` կարճ պահպանության ժամկետ ունեցող հումք: Կաթի փոշու միջոցով մեր տնտեսվարողները, ովքեր նաև զբաղվում են կաթի փոշու արտադրությամբ, կաթի գերարտադրության ժամանակ մթերում են կաթ, այն դարձնում են փոշի և պահեստավորում սակավ մթերման սեզոնի համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ցանկանում եմ հասկանալ` ինչու արտադրողը չի հայտարարում դրա մասին, եթե դա օրենքով թույլատրելի է: Նա խախտում է, որպեսզի սպառողին թյուրիմացության մեջ է գցի: Այսինքն` սպառողը երբ գնում է թթվասերը, կարդում ու տեսնում է, որ պատրաստված է կաթից, այն պարագայում, երբ պատրաստված է կաթի փոշուց: Խաբելու իմաստն ինչում է կայանում:
Սննդամթերքի անտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Խաբելու իմաստն սպառողին թյուրիմացության մեջ գցելն է: Նախորդ տարի կաթի փոշի հայտնաբերվել էր «Դուստր Մարիաննայում» և «Թամարա Անիում»: Տվյալ ընկերություններն արդեն ոււղղեցին իրենց սխալը և մեր երկկխոսության ժամանակ ես փորձեցի նաև ճշտել` արդյոք նվազել են սպառման ծավալները ճիշտ մակնշելու դեպքում: Երկու ընկերության ներկայացուցիչները պնդեցին, որ սպառման ծավալները չեն նվազել, որովհետև մեր սպառողը, այնուհանդերձ, այդքան մշակույթ չունի և բաղադրությունը մեկ է չի կարդում: Սակայն կա այն մտավախությունը, որ եթե հայտարարեն, որ ոչ թե թարմ կաթից, այլ կաթի փոշուց է պատրաստված կաթնային արտադրանքը, ապա սպառման ծավալներն, ըստ տնտեսվարողների, կնվազեն:

 

 

← Վերադառնալ ցուցակին