Լուրեր
«Փոխգործակցություն-2012»-ը կանցկացվի պատշաճ մակարդակով
06.09.2012
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է անցած ամիսների պետբյուջեի կատարողականին, 2012-2013-ի մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանի ցուցանիշներին, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին։ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պարզաբանմամբ հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները (քննարկման ընթացքը և արդյունքն ամփոփող նյութերը կայքում տեղադրվելու են առանձին)։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Զորավարժությունն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը և նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին և մարտահրավերներին` զարգացնելով այդ ուժերի կարողությունները, բարձրացնելով ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի և միջոցների համակարգված ներուժը` առկա և հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։ ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների և աշխատանքների իրականացմանը։
Արտամետի միջնակարգ դպրոցը կրում է Գուրգեն Մարգարյանի անունը
Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը Գուրգեն Մարգարյանի անվամբ կոչելու կապակցությամբ կառավարությունը համապատասխան փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, Արմավիրի մարզպետին հանձնարարել փոփոխություն կատարել նաև «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը։
Իր ընդունած երկու որոշումներից առաջինով կառավարությունը մոտ 92 մլն դրամ է հատկացրել Երևանի Ա.Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցի հիմնանորոգումն ավարտելու նպատակին, երկրորդով Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկը նվիրաբերել գյուղական համայնքին` որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, գործադիրը ձեռնամուխ է լինում բարձրագույն կրթության բարեփոխման հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը և ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Որոշումը միտված է նաև բարձրագույն կրթության մատչելիությանը` ուսանողների աջակցության և ընտանիքների ապահովության գնահատման համակարգի միջոցով։
Սկսվում է 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումը
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։ ՀՀ հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ 2013թ. պետբյուջեի օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։ Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։
ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի կատարման ժամկետի փոփոխմամբ կառավարությունը սահմանել է, որ ոլորտի օրենսդրական փոփոխությունների կատարումից հետո ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և մյուս շահագրգիռ պետական մարմինները կմշակեն և կտպագրեն անձնավորված հաշվառման համակարգին համապատասխանող հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, համակարգչային ծրագրի ուսումնական ձեռնարկներ։
Կառավարությունն ընդունել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացման որոշում, որի համաձայն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող ավելի քան 139 մլն դրամ ընդհանուր արժեքով գազատարները նվիրաբերվելու են Հայաստանի Հանրապետությանը ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Վերը նշված գույքով վճարվելու է ընկերության կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի ձեռք բերման դիմաց։
ՀՀ կառավարության որոշմամբ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար մատչելի վարկերի տրամադրման ժամկետը։ 2012թ. անցած ժամանակամիջոցում այդ նպատակին հատկացվել է շուրջ 7.5 մլրդ դրամի վարկային միջոց, որից օգտվել է ավելի քան 9 հազար վարկառու։ Վարկավորման երկրորդ փուլում նույնպես կհամալրվեն տնտեսվարողների շրջանառու միջոցները, կավելանա գյուղատնտեսական մթերքների համախառն արտադրությունը, կմեծանա արտադրության արդյունավետությունը։
Քաղաքաշինական ծրագրերը կկատարվեն մասնավոր ներդրումների հաշվին
Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Երևանի Եկմալյան փողոցին հարող տարածքին. վերջինս ճանաչվել էր գերակա հանրային շահ։ Նոր որոշմամբ նախկին կառուցապատողի չկատարած պարտավորությունները ստանձնում է նոր ձեռքբերողը, ավարտին է հասցվում նշված հատվածի և Գլխավոր պողոտայի ճարտարապետական միասնական համալիր կազմող շինարարական ծրագիրը` կառուցապատողի հաշվին լուծելով տարածքում առկա իրավատեր անձանց խնդիրները։
Մեկ այլ որոշմամբ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ բացված արտաբյուջետային հաշվից, որտեղ կուտակվում են կառուցապատողներից հավաքվող վերգետնյա վճարների մուտքերը, նախատեսվում է գումար հատկացնել «Երևան» հիմնադրամին` իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերի սոցիալական օգնություն տրամադրելու համար։
Կառավարությունն իր նիստում անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ։ Որոշումը հնարավորություն կտա տեղեկություն հավաքել Երևան քաղաքի ավելի քան 800 շինարարության թույլտվություն ստացած ու կառուցման ընթացքում գտնվող անհատական բնակելի շենքերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ և տալ համապատասխան արժեքային գնահատականներ։
Կարգավորվում է ընդերքօգտագործման ոլորտը
ՀՀ կառավարությունը հաստատել է
- ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկության տրամադրման կարգը, սահմանել ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման կարգը, ինչը կնպաստի ընդերքի արդյունավետ ու լիարժեք օգտագործմանը, ոլորտի հետագա զարգացմանը,
- ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության «Կառավարական կապի անվտանգության ապահովման» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012թ. նախահաշիվը,
- ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի ցուցակը, փոփոխել «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը» հաստատելու նախկին որոշումը, որով հանվում է հետազոտության համար վերցված նյութերն ուղարկելու համար կից փաստաթղթերի կնքված լինելու պահանջը,
- համապատասխան գնահատման մարմինների հավաստագրման կարգը, որի գործարկմամբ երկրում կգործեն համապատասխանության գնահատման միջազգային նորմերի պահանջները բավարարող ծառայություններ։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև 2007թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Փոփոխությունը թելադրված է «Արփա-Սևան թունելի հիմնանորոգում» ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության, սպորտի բնագավառներում համագործակցության համաձայնագրերի կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ ավելի վաղ ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը կնքելու առաջարկություններին։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 14-րդ փոփոխությունը կատարելու արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որն ուղղված է մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավմանը, մաքսային ձևակերպման պարզեցմանը և դյուրացմանը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
2012թ. սեպտեմբերին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվելիք խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 6.5 մլն դրամ։
Իր նիստում կառավարությունն ընդունել է Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։