Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանի եվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ ճեպազրույցը

06.09.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ

 

Հարգելի՛ պարոն Ռասմուսեն,

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Ուրախ եմ փաստել, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններն այս ժամանակահատվածում զգալի առաջընթաց են արձանագրել:

Իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի թվով երրորդ՝ 2011-2013թթ փաստաթուղթը: Դաշինքի հետ Հայաստանի փոխգործակցության մակարդակը թույլ տվեց Հայաստանին իր ներդրումը բերել միջազգային անվտանգության համակարգին: Ներկայումս Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում:

Հայաստանը պատրաստակամ է ու վճռական` պահպանելու և զարգացնելու համագործակցության այսօրվա մակարդակը:

Անվտանգության ներկայիս մարտահրավերները համապարփակ և միասնական մոտեցում են պահանջում Դաշինքի և գործընկեր պետությունների կողմից: Վստահ եմ, որ գործընկեր պետությունների հետ հարաբերությունները շոշափելի դերակատարություն ունեն Դաշինքի հաջողություններում և անվտանգության արդի համակարգի կառուցման գործում:

Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակային փաստաթուղթն արձանագրում է, որ «հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»: Եվ այդ ծրագիրն իրոք զգալի ներդրում է ունեցել մեր երկրի ժողովրդավարական զարգացման գործում 1994թ. ի վեր: Բայց, ցավոք սրտի, մենք ականատես եղանք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերոհիշյալ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը, ինչը, իհարկե, ստվեր չպետք է գցի մեր և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա:

2004թ. Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ հայ սպայի կացնահարումն այնքան արտառոց էր և այնքան սահմռկեցուցիչ, որ, կարծում եմ, կարիք չկա անդրադառնալու այդ դեպքին: Այն ժամանակ նենգաբար խախտվել էր Գուրգեն Մարգարյանի հիմնարար՝ կյանքի իրավունքը: Թվում էր, թե արժանին է մատուցվել արդարության սկզբունքին` ոճրագործը դատապարտվել էր ցմահ բանտարկության: Սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցածը մարտահրավեր էր առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց համար: Մենք տեղեկացանք, որ հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել այդ երկրի նախագահի կողմից: Այստեղ ես «ներում» բառը վերապահությամբ եմ օգտագործում, որովհետև թեև այդ ակտը, այդ հրամանագիրը կոչվում էր «ներման հրամանագիր», բայց իր մեջ այն պարունակում էր արդարացման բովանդակություն, դրա բովանդակությունը Սաֆարովին արդարացնելն էր, որովհետև աշխարհի որևէ երկրում ներում շնորհելուն չի հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգևատրում: Աշխարհի որևէ երկրում հանցագործության համար պատիժ կրելը չի համարվում աշխատանք կամ ծառայություն: Բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին և կոչում շնորհեցին: Սա՛ է խնդիրը:

Ապշեցուցիչ է, թե ինչպիսի բացահայտ ցինիզմով և միջազգային նորմերի ոտնահարմամբ է Ադրբեջանում տեղի ունենում մարդասպանի հերոսացումը: Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի:

Սա անընդունելի, մերժելի և դատապարտելի մի երևույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: Այն միանշանակ և աներկբայորեն պետք է արժանանա համընդհանուր դատապարտման` ուղերձ հղելով արդարության հաստատման և անպատժելիության բացառման:

Հունգարիայի կառավարության քայլը պարզապես անընդունելի է: Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես էր Ադրբեջանում հերոսացվում Սաֆարով կոչված մարդասպանը, չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու, առավել ևս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս և Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները: Ես այսօր իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն դրսևորեցին ու նեցուկ եղան հայ ժողովրդին:

Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ ևս մեկ հարցի: Մենք տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձևակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը: Համոզված եմ, որ նաև այդ չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին:

Մեկ անգամ ևս, պարո՛ն Գլխավոր քարտուղար, բարով եք եկել: Եվ խնդրեմ, խոսքը Ձեզ:

***

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ

 


Շատ շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ:

Իսկապես, մեծ հաճույք է այսօր գտնվել Երևանում: Եվ ես շնորհակալ եմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, մեր ունեցած շատ դրական և կառուցողական հանդիպման համար այս առավոտյան: Իմ այցը Հայաստան ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն այսօր հանձնառու է և շարունակելու է հանձնառու լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք բարձր ենք գնահատում այն հարաբերությունները, որ զարգացրել ենք Հայաստանի հետ տարիների ընթացքում: Մենք գնահատում ենք ձեր մշտական աջակցությունը Աֆղանստանի մեր առաքելությանը: Անցած տարի դուք ավելի քան կրկնապատկեցիք ձեր մասնակցությունը առաքելության կազմում և վերջերս կրկին միացաք մեր առաքելությանը Կոսովոյում: Ձեր զորքերը, ձեր հրահանգիչները շատ լուրջ և կարևոր ներդրում են կատարում, և Դուք կարող եք հպարտանալ նրանց արհեստավարժությամբ: Ձեր երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաջնորդած խաղաղապահ գործողություններին, նշանակում է, որ Հայաստանի զինուժի անձնակազմը շատ արժեքավոր փորձ է ձեռք բերում խաղաղապահ գործողությունների իրականացման գործում: Դա շատ կարևոր է ձեր սեփական խաղաղապահ ունակությունները զարգացնելու համար: Եվ այն ջանքերը, որ դուք ներդնում եք, շատ լուրջ աջակցություն են ստանում ՆԱՏՕ-ի կողմից: Գործընկերության շատ կարևոր բաղկացուցիչ է նաև քաղաքացիական պաշտպանությունը և աղետների կառավարումը: Մենք նաև լավ համագործակցություն ենք հաստատել պաշտպանության բարեփոխումների բնագավառում և խրախուսում ենք ձեզ՝ շարունակելու այդ աշխատանքները: ՆԱՏՕ-ն այստեղ ևս պատրաստ է շարունակել իր աջակցությունը:

ՆԱՏՕ-ն և Հայաստանը կիսում են բազմաթիվ քաղաքական առաջնահերթություններ և անվտանգության շահեր: Մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել միասին Աֆղանստանում և Կոսովոյում: Այժմ ժամանակն է, որ մենք շարունակենք կառուցել մեր հարաբերությունները այդ հաջողությունների հիման վրա, որպեսզի խորացնենք մեր ուժերի համագործակցությունը և տեսնենք, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դիմակայենք 21-րդ դարի մարտահրավերները:

Հայաստանը արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և ՆԱՏՕ-ն արժեքավոր գործընկեր է Հայաստանի համար: Այժմ մենք հնարավորություն ունենք կառուցելու էլ ավելի ուժեղ գործընկերություն, և դա մի հնարավորություն է, որ մենք երկուսս էլ պետք է օգտագործենք: Մենք երկուսս էլ կշահենք դրանից, և դրանից կշահի նաև ամբողջ տարածաշրջանը:

***

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ համատեղ ճեպազրույցի ժամանակ

 

Հարց - Ես ներողություն եմ խնդրում, պարո՛ն Նախագահ: Արդեն կա օրվա թեմա և ես չեմ կարող այս հարցը չուղղել պարոն Ռասմուսենին: Պարոն Գլխավոր քարտուղար, վաղը Դուք լինելու եք Բաքվում և հանդիպելու եք Ադրբեջանի նախագահի հետ: Ինչպե°ս եք Դուք սեղմելու ձեռքն այն նախագահի, ով ստորագրել է ներումն այն սրիկայի, ով սպանեց հայ սպային միայն նրա համար, որ նա հայ էր:

Անդերս Ֆոգ Ռասմուսեն- Երբ ես վաղը հանդիպեմ Ադրբեջանի նախագահին, ես նրան փոխանցելու եմ բավականին պարզ, ակնհայտ ուղերձ: Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի որոշմամբ ներում շնորհել բանակի սպա Սաֆարովին, քանի որ այդ որոշումը վնասում է վստահությունը: Այդ ահավոր և ողբերգական միջադեպը, որ տեղի է ունեցել 8 տարի առաջ, հանցագործություն էր: Եվ այդպիսի հանցագործությունը չպետք է փառաբանվի, այլ՝ ընդհակառակը: Այդ ասելով, ես նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է շեշտել, որ մենք չպետք է վերադառնանք հակամարտությանը այս տարածաշրջանում: Հակառակը՝ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, անհրաժեշտ է տարածել խաղաղություն, ծավալել համագործակցություն և հաշտություն: Եվ ես այդ ուղերձը վաղը հստակորեն փոխանցելու եմ:

Հարց - Հարցս ուղղում եմ ՀՀ նախագահին՝ ինչպես է Հայաստանը համադրում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Եվ հարց Գլխավոր քարտուղարին՝ ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները:

Սերժ Սարգսյան - Կարծում եմ, մենք հաջողությամբ ենք համադրում համագործակցությունը ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ում: Մենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, մշտապես ասել ենք և հիմա էլ կրկնում եմ, համարում ենք մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղկացուցիչ կարևոր մաս: Մենք դա արել ենք գիտակցված և հիմա էլ հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքներին և գաղափարներին: Բայց ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են: Առավել ևս չեմ համարում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն: Ընդհակառակը` այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության: Եվ ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ մենք երբեք մեր գործողություններով չպիտի տեղիք տանք որևէ հակադրության կամ հարաբերությունների սրման: Սա է մեր համագործակցության նպատակը: Իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեր երկրի համար օգտակար է: Եվ ես նոր մեր հանդիպման ժամանակ պարոն Գլխավոր քարտուղարին անկեղծորեն ասացի, որ, իրոք, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից:

Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Ոչ մի հակասություն չկա Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու և միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ ուժեղ գործընկերություն ունենալու միջև: Իրականում ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, ունի հատուկ գործընկերություն Ռուսաստանի հետ: Մենք ունենք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ, որի շրջանակներում մենք ներգրավվել ենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև գործնական համագործակցության մեջ: Երբ դուք հարցնում եք, թե ինչպիսի՞ն է իմ գնահատականը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությանը` պետք է նշեմ, որ մենք վերջին տարիներին արձանագրել ենք բավականին լուրջ առաջընթաց ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Մենք զորեղացրել ենք մեր համագործակցությունը Աֆղանստանի շուրջ: Ռուսաստանը մեզ տարանցիկ ուղի է տրամադրել, որն օգտագործվում է: Մենք ունենք խորացված համագործակցություն թմրանյութերի, ահաբեկության, իրավահենության դեմ պայքարի գործում, և մի շարք բնագավառներում բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում: Մենք նաև հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու հրթիռային պաշտպանության բնագավառում: ՆԱՏՕ-ն աշխատում է հրթիռային սպառնալիքներից մեր ազգաբնակչությանը պաշտպանելու համար: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու այս հարցում: Այս բնագավառում դեռևս համաձայնության չենք եկել, բայց մեր երկխոսությունը շարունակվելու է: Երկու տարի առաջ ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում մենք նաև համաձայնել ենք մեր ռազմավարական համագործակցության շուրջ: Եվ ես կարծում եմ, որ եվրաատլանտյան գոտու բոլոր ազգերի շահերից է բխում հաստատել այնպիսի մի համագործակցություն, որը կերաշխավորի անվտանգությունը մեր տարածաշրջանում:
 

← Վերադառնալ ցուցակին