Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
06.09.2012
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին:
Ողջունելով պարոն Բարթոնի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ Հայաստանն ու ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել եւ առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները ջանք չեն խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ այս տարի լրացավ հայ -ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ համատեղ ջանքերով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունը գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաեւ այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին եւ Արցախին:
Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` ԱԺ նախագահը նշեց, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային կոնվենցիաներին, այնպես էլ բոլոր բարոյական նորմերին, եւ զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին եւ բանակցային գործընթացին: ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել այդ նենգ արարքը դատապարտող հայտարարությամբ եւ այն ուղարկել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին եւ ազգային խորհրդարաններին` առաջարկելով դատապարտել այդ սոսկալի երեւույթը եւ գործուն քայլեր դրսեւորել այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականը նշեց, որ ԱՄՆ մեծ կարեւորություն է տալիս էլ ավելի զարգացնելու եւ խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով: Պարոն Բարթոնը շեշտեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման կարեւորությունը` առաջարկելով ակտիվացնել պատգամավորների շփումները տարբեր ձեւաչափերով: Նա կարեւոր համարեց փոխայցերի աշխուժացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը: Անդրադառնալով վերջին իրադարձություններին` ԱՄՆ կոնգրեսականը դատապարտեց Հունգարիայի եւ Ադրբեջանի աննախադեպ արարքը եւ պատրաստակամություն հայտնեց վերադառնալուն պես ՀՀ ԱԺ հայտարարությունը հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա նիստում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: